ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Միքայել Նալբանդյանը (1829 թ. նոյեմբերի 14-1866 թ. մարտի 31) հայ գրող և բանաստեղծ է։ Նալբանդյանը գրողն է «Մեր Հայրենիք» ազգային հիմնի։
Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թ. նոյեմբերի 14-ին Նոր Նախիջևանում (այժմ՝ Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան), արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Հոգևորական հալածանքներից և իշխանությունների հետապնդումից խուսափելով՝ 1853 թ. մեկնում է Պետերբուրգ, որտեղ էլ հանձնում է համալսարանական քննություններ՝ հայոց լեզվի ուսուցչի իրավունք ստանալու համար։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։ Լոնդոնում եղած ժամանակ կապեր է հաստատում Գերցենի, Օգարյովի, Սեռնո Սոլովևիչի հետ։ 1862 թ. վերադառնում է արտասահմանից Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել է թոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին։
Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մէջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել Պատկանյանի շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց՝ փախավ Մոսկվա և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։
Մոսկվայում սերտ բարեկամությամբ կապվեց Ստեփանոս Նազարյանցի հետ, որի՝ 1858-ին հրատարակած «Հյուսիսափայլ»-ի ամենամեծ աջակիցը եղավ։ 1859-ին առողջական պատճառներով մեկնեց Եվրոպայի կարևոր կենտրոնները։ 1860-ին գնաց Կալկաթա, իր ծննդավայրը և ուրիշ կարուտյալ քաղաքների համար մեծահարուստ հնդկահայերից կտակված գումարները փոխադրելու։ Երբ 1862-ին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։ Նալբանդյանը իբրև կասկածելի գործիչ բանտարկվեց երեք տարով։ Բանտից ազատվելուց արդեն շատ վատ էր նրա առողջական վիճակը՝ անբուժելի թոքախտ էր։ Մահացավ 1866թ., մարտի 13-ին։
Նալբանդյանի գործը ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով, հրատարակված «Հյուսիսափայլ»-ի սյունյակներում, «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862-ին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում։ Թարգմանել է Էոժէն Սիվ-ի «Թափառական հրեան»: Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ Վահան Մամիկոնյան», որը կատարել է բանտում։
Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մէջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր», «Մեր Հայրենիք» և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ազատն Աստուած այն օրից ,
Երբ հաճեցաւ շունչ փչել
Իմ հողանիւթ շինուածքին ,
Կենդանութիւն պարգեւել .
Ես անբարբառ մի մանուկ ՝
Երկու ձեռքս պարզեցի ,
Եւ իմ անզօր թեւերով
Ազատութիւնն գրկեցի ։
Մինչ գիշերը անհանգիստ ՝
Օրօրոցում կապկապուած ,
Լալիս էի անդադար ,
Մօրս քունը խանգարած ,
Խնդրում էի նորանից
Բազուկներըս արձակել .
Ես այն օրից ուխտեցի
Ազատութիւնը սիրել ։
Թոթով լեզուիս մինչ կապերն
Արձակուեցան , բացուեցան ,
Մինչ ծնողքըս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան ,
Նախկին խօսքն , որ ասացի ,
Չէր հայր , կամ մայր , կամ այլ ինչ .
" Ազատութի՜ւն ” դուրս թըռաւ
Իմ մանկական բերանից ։
" Ազատութի՞ւն ” ՝ ինձ կրկնեց
Ճակատագիրն վերեւից .
" Ազատութեան դու զինուոր
Կամի՞ս գրուիլ այս օրից ։
Ո՛հ , փշոտ է ճանապարհդ ,
Քեզ շատ փորձանք կը սպասէ .
Ազատութիւն սիրողին ՝
Այս աշխարհը խիստ նեղ է ” ։
- Ազատութի՜ւն , - գոչեցի , -
Թող որոտայ իմ գլխին
Փայլակ , կայծակ , հուր , երկաթ ,
Թո՛ղ դաւ դնէ թշնամին .
Ես մինչ ի մահ , կախաղան ՝
Մինչեւ անարգ մահու սիւն ,
Պիտի գոռամ , պիտ կրկնեմ ,
Անդադար՝ Ազատութի՜ւն
ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ
"Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ գանչում է
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ”:
"Մեր հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապած,
Յուր քաջ որդոց սուրբ արյունով
Պիտի լինի ազատված”:
"Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի”
"Նայի՛ր նորան, երեք գունով,
Նվիրական մեր նշան,
Թո'ղ փողփողի թշնամու դեմ,
Թո'ղ կործանվի Ավստրիան”:
"Ինչքան կին մարդ, մի թույլ էակ,
Պատերազմի գործերում
Կարե օգնել յուր եղբորը,
Զանց չարեցի քո սիրու”:
"Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ,
Շուտ ձի հեծի'ր քաջի պես,
Գնա' փրկել մեր հայրենիք,
Պատերազմի վառ հանդես”:
"Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի՜, որ յուր ազգի
Ազատության կը զոհվի”:
"Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս,
Ազգի սերը քաջալեր,
Գնա', թեև չեմ կարող գայ,
Բայց իմ հոգին քեզ ընկեր”:
"Գնա՛ մեռիր դու քաջի պես,
Թող չտեսնե թշնամին
Քո թիկունքը, թող նա չասե
Թե վատ է իտալացին”:
Ասաց. տվեց օրիորդը
Յուր եղբորը մի դրոշ,
Մետաքսից էր, ազնիվ գործած,
ՈՒր երեք գույն կան որոշ:
Եղբայրն առավ և ողջունեց
Յուր սիրական քնքուշ քույր,
Առավ զենքը, սուր, հրացան,
Հեծավ յուր ձին սևաթույր:
- Քույրի՜կ, - գանչեց քաջ պատանին, -
Մնա՛ս բարյավ, սիրական,
Այս դրոշակին պիտի նայի
Ամբողջ բանակն իտալյան:
Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված
Արտասուքով ու կնքած,
Դու հանձնեցիր ինձ հիշատակ,
Հայրենիքի նվիրված:
Թե մեռանիմ, դու մի՛ սգար,
Իմացի'ր որ տարեցի
Դեպի մահու արքայություն
Իմ հետ քանի թշնամի:
Ասաց, վազեց դեպի հանդես
Ավստրիացոց հանդիման,
Յուր արյունով գնել հավերժ
Ազատություն իտալյան:
Ո՛հ, իմ սիրտը կտրատվում է
Տեսանելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:
Սորա կեսը, կեսի կեսը,
Գեթ երևեր մեր ազգում.
Բայց մեր կանայք... ո՜ւր Եղիշե,
Ո՜Ւր մեր տիկնայք փափկասուն:
Ո՛հ... արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խոսել.
Չէ՛... թշվառ չէ Իտալիան,
Եթե կանայք այսպես են:
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
որ ապրել է դարէ դար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան ։
Ահա՛, եղբայր, քեզ մի դրօշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
իշերները ես քուն չեղայ,
Արտասուքով լուացի ։
Նայիր նրան երեք գոյնով,
Նուիրական սուրբ նշան,
Թող փողփողի թշնամու դէմ,
Թող միշտ պանծայ Հայաստան ։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պիտ՛ մեռնի,
Բայց երանի՝ որ իւր ազգի
Ազատութեան կը զոհուի :