Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Александр Ширванзаде
    Картинка 9 из 10     Александр Ширванзаде / Ալեքսանդր Շիրվա

Ծնվել է դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և, ընտանիքին օգնելու նպատակով, մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։
Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883–ին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործականարի հիշատակարանից» վիպակը։ Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։
1884–ին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել Շիրվանզադեի «Խնամատար» վիպակը, որտեղ կերտել է հայ կապիտալիստի կերպարը, 1885–ին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող «Նամուս» վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ 1886-1891 թվականներին նա աշխատել է «Արձագանք»–ում որպես քարտուղար, այնտեղ է տպագրել «Ֆաթման և Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անց» (1890) նովելները, «Արամբին» (1888), «Զուր հույսեր» (1890) վեպերը։
Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է 1890-ական թվականներին և 1905 թվականի հեղափոխության նախօրեին, հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։ 1893 թվականին լույս է տեսել «Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները և գործունեությունը, 1896 թվականին՝ ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ» վիպակը։ «Ցավագարը» վիպակում շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։
Արևմտահայերի 1895-1996 թվականների կոտորածների ժամանակ Շիրվանզադեն, որ հնչակյան կուսակցության անդամ էր, իր հոդվածներով ու գործողությամբ պաշտպանել է նրանց դատը, նյութական աջակցություն կազմակերպելու համար մեկնել Ռուսաստան։ Սակայն կալանավորվել է ցարական ոստիկանության կողմից և նետվել Թիֆլիսի Մետեխի բանտը։ «Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությունը պետք է մի նոր նշանավոր գործ տամ»,– գրել է նա։ Այդ վեպը եղավ «Քաոս»–ը (1898)։ 1896-1897 թվականներին Շիրվանզադեն կրկին ուսումնասիրել է Բաքվի կյանքը. «Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ և ծայր աստիճան վտանգավոր, գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը»։ «Քաոս»ը կապիտալիստական մեծ քաղաքի ռեալիստական նկարագրությունն է։ Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով։
Շիրվանզադեն մեծ հոգեբան է։ Իր լավագույն երկերում, այդ թվում և «Քաոս»–ում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, մասնավորապես՝ սոցիալական հիմքերը։ Շիրվանզադեն օժտված էր կերպավորման և տիպականացման մեծ տաղանդով, հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով։
1898 թվականի հունվարին Շիրվանզադեն երկու տարով աքսորվել է Օդեսա։ Այդ շրջանում նա շարունակել է լարված
աշխատանքը, գրել «Մելանիա» (1899), «Արտիստը» (1901) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902) վեպի առաջին մասը, որոնց մեջ արտահայտել է իր սոցիալական համակրանքն ու հակակրանքը։ «Վարդան Ահրումյան»–ը հայ կապիտալիստի մանկության ու երիտասարդության պատմությունն է։ Երգիծական խտացումների շնորհիվ Շիրվանզադեն ստեղծել է բացասական կերպար, ցույց տվել, թե ինչպես է ծնվում ու բարձրանում չար ուժը։ «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն առանձին ջերմությամբ է ստեղծել պատանի Լևոնի կերպարը, ցույց տվել, թե ինչպիսի ողբերգություն է ապրում գեղեցիկ տարերքով շնչող պատանին, ինչպես են կործանվում նրա երազները, սերը, կյանքը։
Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ։ Դեռ պատանի, նա մասնակցել է սիրողների խմբերին, գրել «Տանու գող» վոդևիլը։ Զբաղվել է նաև թատերական քննադատությամբ, հանդես եկել Պ. Աբգարյանի, Սիրանուշի, Հ. Աբելյանի դերակատարումներին վերաբերող ուշագրավ հոդվածներով։ Շիրվանզադեն շարունակել է Գ.Սունդուկյանի դրամատուրգիայի ավանդույթները՝ բեմ հանելով նոր շրջանի հայ կյանքը, սոցիալական հակասությունները, քաղաքական կոնֆլիկտները, կենցաղային–բարոյական հարաբերությունները։ Նա լայնացրել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, հայ գրականության մեջ ստեղծելով կենցաղային, սոցիալական և հոգեբանական («Իշխանուհի», «Եվգինե», «Ուներ իրավունք», «Պատվի համար», «Նամուս»), քաղաքական դրամաներ («Կործանվածը», «Արհավիրքի օրերին»), քաղաքական կատակերգություններ («Շառլատանը», «Մորգանի խնամին»)։
1905-1910 թվականներին Շիրվանզադեն ապրել է Փարիզում։ Ռուսական առաջին հեղափոխության պարտությունից հետո որոշ ժամանակ տուրք է տվել լիբերալ գաղափարախոսությանը, մի շարք դրամաներում դրսևորել սոցիալական կոնֆլիկտները մեղմելու միտում։ Առաջին համաշխարհային պատերազմի մղձավանջը ծանր տպավորություն են թողել գրողի վրա։ Բազմաթիվ հոդվածներում նա բացահայտել է այդ աղետի բուն պատճառը, մերկացրել թուրքական իշխանությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների խարդավանքները, խոր տագնապ հայտնել հարազատ ժողովրդի ճակատագրի նկատմանբ։
1919 թվականին բուժվելու նպատակով Շիրվանզադեն մեկնել է արտասահման։ 1926 թվականին վերադարձել է հայրենիք, հրատարակության է պատրաստել իր երկերի ութհատորյակը։
Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Նամուս», «Չար ոգի», «Պատվի համար», «Քաոս» կինոնկարները։

  ՆԱՄՈՒՍ

I

1859 թվականի մայիս ամսին պատահած երկրաշարժը մեծ թշվառություն էր Շամախու համար: Բավական ծաղկած և կանոնավորված նահանգական քաղաքը մի րոպեում կերպարանափոխվեց, դարձավ ավերակ: Ստորերկրյա զորեղ հարվածը մի ակնթարթում դուրս թափեց փողոցները հազարավոր ընտանիքներ, որոնք մինչև այդ րոպե հանգիստ իրանց տներում նստած` չգիտեին բնությունն ինչ դժբախտություն է պատրաստել իրանց համար: Հայ, ռուս, թուրք, բոլորը խառնվեցին — իրարու, և փողոցներն ու հրապարակները մի րոպեում սևացան մարդկանցով: Բարձրացավ աննկարագրելի աղմուկ, խլացուցիչ դղրդոց: Քառասուն հազար բնակիչների միաձայն գոռում ու գոչումները, խառնվելով փլատակվող շինությունների թնդումների հետ, ականջներ էին խլացնում:
Ընդհանուր աղմուկին մասնակցում էին տնային կենդանիների աններդաշնակ ձայները: Տավարների բառանչումները, շների ոռնալը, թռչունների կչկչոցները, բոլորը, միանալով փոշիալի օդի մեջ, ահաբեկել էին ժողովրդին:
Առաջին վտանգալի րոպեին մարդիկ մոռացան ամեն ինչ, նույնիսկ յուր սրտին ամենամերձավոր արյունակիցներին: Այդ մահաբեր րոպեն մոռացնել տվեց մորն յուր զավակներին, որոնց համար մի փոքր առաջ պատրաստ էր կյանքը զոհել: Հանկարծահաս վտանգի բուռն զգացմունքների ճնշման ներքո սեփական անձի փրկության խնդիրը երկրաշարժի րոպեում խավարեցրեց, անհետացրեց ամեն ինչ:
Անցավ առաջին ահարկու րոպեն: Մարդիկ փրկված են վտանգից: Ամենքը, փլչող պատերից հեռացած, խռնվում են փողոցներում: Այստեղ միայն առաջին անգամ յուրաքանչյուրը սկսում է մտաբերել յուր արյունակիցներին: Կրկին սոսկումը տիրում է ամենքին, և ահա թշվառները գունաթափված, մեռելային դեմքերով, ընդհանուր խառնաշփոթության մեջ չվարված, որոնում են իրարու:
Օդը թնդում է հազարավոր վայվույներով:
— Աղբերս վա՛յ, աղբերս վա՛յ, — բացականչում է մի կողմում մի նազելի աղջիկ, փետտելով գլխի մազերը և մերկ կրծքին բռունցքներ տալով:
Սովորական ամոթխածությունը նրան չի նեղում այդ րոպեին: Նա մոռացել է յուր ծննդավայրի ավանդությունը, որը չափահաս աղջկան արգելում է օտար տղամարդկանց առաջ բերան բանալն անգամ:
Աղջիկը ուշադրություն չի դարձնում յուր շուրջը, չի քաշվում ոչ ոքից: Նրա ուշ ու միտքը կենտրոնացած է հողի ու քարերի մի բարձր կույտի վրա: Այստեղ կենդանի թաղված է նրա թանկագին եղբայրը, որ մի րոպե առաջ նրա հետ խոսում էր, զվարճանում էր կամ գուցե կռվում: Ձեռներն առաջ տարածելով, նա աղաչում, պաղատում է անցորդներին, որ օգնեն դուրս բերելու եղբորը հողի ու քարերի տակից: Ո՛չ ոք ուշադրություն չի դարձնում նրա աղերսալի գոռոցների վրա: Ամենքը զբաղված են իրանց մոտավորների վիճակով. երևի, ամենքն ունեն մի-մի այդպիսի կենդանի թաղված, անխելքություն է մեկից օգնություն սպասելը: Տեսնելով, որ ոչ ոք չի օգնում, աղջիկը հուսահատված ու գրեթե անզգա, շտապում է դեպի կենդանի եղբոր տարօրինակ գերեզմանը: Յուր քնքուշ մատներով նա աշխատում է բարձրացնել առաջին մեծ քարը: Քարը չի շարժվում տեղից, շատ ծանր է: Քնքուշ մատներից հեղում է վարդագույն արյունը, եղունգները փշրտվում են, բայց քարը դարձյալ չի շարժվում: Անեծք քեզ, անսիրտ քար:
Մի ակնթարթում աղջիկը զգում է, որ կանգնած է եղբոր գերեզմանի վրա: Զգում է, որ ինքը, փոխանակ թեթևացնելու, ավելի ևս ծանրացնում է այդ գերեզմանը յուր մարմնի կշռով: Ծայրահեղ սարսափը վերջնականապես ուշաթափ է անում սիրող քրոջը, և նա, մի ճիչ արձակելով, կամենում է հեռու փախչել, բայց ծնկները չեն հնազանդվում, և գնդակահարվածի պես փռվում է հողի ու քարերի կույտի վրա:
— Կնի՜կս, բալաներս, ա՛յ քրիստոնյաներ, ա՛յ ձեր հերը լույս դառնա, ա՛յ, հրես էստեղ է, — բացականչում է մի ուրիշ կողմից մի տղամարդ, ցույց տալով մի մեծ գերան, որի տակից երևում է նրա կնոջ գլուխը:
Դժվար է նկարագրել այդ կնոջ դեմքը: Նրա վրա ամեն ինչ այլանդակվել է: Ծանրակշիռ գերանը, որ հորիզոնաձև ընկած է նրա վրա, այնքան ճնշում է, որ քթի ծակերից թափվող արյունը տեղ չի գտնում հոսալու: Մի քիչ նրանից հեռու երևում են երկու մանկական գլուխներ և չորս ձեռիկներ, իրարու գրկած: Ձեռիկներից մեկում սեղմված է մի փոքրիկ խնձոր, մյուսում մի գույնզգույն տիկնիկ:
Ողորմելի՛ ամուսին, տարաբա՛խտ հայր: Նա, կարծես, խելագարվել է, ուժ է անում գերանի ծայրը բարձրացնելու, սակայն անզոր է, գերանը անշարժ է: Կինը ծանր բեռան տակից արձակում է հազիվ լսելի տնքոցներ: Ամուսինը կուրծքը գերանին դեմ տված անդադար ուժ է անում: Զո՛ւր:
Այսպես շարունակվում է, մինչև որ մի քանի հարևաններ, կանխապես հավաստիանալով իրանց արյունակիցների ապահովության մասին, շտապում են օգնելու թշվառ հարևանին:
Հարյուրավոր այսպիսի տեսարանների բեմ էր ներկայացնում Շամախին նույն ժամին, երբ երկրաշարժ ասված աղետալի երևույթը կործանում էր այսօրվա հետ ընկած խղճուկ ավանը, որ մի ժամանակ ամբողջ Կովկասի պարծանքն էր յուր սքանչելի մետաքսով և առատ պտղաբերութամբ...
Քաղաքի արևմտյան կողմում, մալականյան անվանված թաղի փողոցներից մեկում, գտնվում էին երկու փոքրիկ միհարկանի հարևան տներ: Այս տները իրանց արտաքին համեստ ու անշուք տեսքով իրարուց զանազանվում էին մի բանով միայն, այն, որ մեկը փողոցի կողմից ուներ մի փոքրիկ պատուհան, մյուսը — չուներ: Երկրաշարժից ուղիղ մի ժամ առաջ այս պատուհանի առջև նստած էր մի կին, մոտ երեսունհինգ տարեկան: Դերձակ Բարխուդարի ամուսինը, Գյուլնազն էր: Նստած էր նա մի ծնկան վրա, մյուսը ձգած դեպի սենյակի հատակը, որ ծածկված էր ասիական գորգերով: Փողոցից միայն նրա կիսադեմն էր երևում: Միջօրեի ախորժելի արեգակի ճառագայթները, անցնելով երկաթե ցանցով պաշտպանված լուսամուտի ապակիներով, սփռվել էին նրա վրա: Չնայելով Գյուլնազի տարիքին, նրա ոչ այնքան նիհար այտերի վրա դեռ պահպանվում էր երիտասարդական թարմությունը, իսկ խոշոր, սևագույն աչքերի մեջ փայլում էր մի կրակոտ արտահայտություն: Մեխակագույն, նուրբ բրդից գործված շալի տակից մազերի ծայրերը հասնում էին մինչև մեջքը: Նա գույնզգույն գուլպա էր հյուսում, թուրքերեն բարբառով երգելով շամախեցի կնոջ աղերսալի բայաթին.
Դա՛դ, ինձի բռնեցին,
Շամփրի վրա խորովեցին,
Միսս կերան, կշտացան,
Ոսկորներս ձգեցին:
Տանը, բացի Գյուլնազից, ոչ ոք չկար: Նրա ամուսինը, Բարխուդարը, խանութումն էր, որ գտնվում էր քաղաքի թրքաբնակ թաղում, իսկ մեծ որդին, միակ արու զավակը, տասնուհինգ տարեկան Սմբատը, դեռ ուսումնարանից չէր վերադարձել:
Փողոցում անցորդներ չկային: Մանկահասակ տղաների և աղջկերանց մի խումբ, պատուհանի տակ հավաքված, ինչ-որ մանկական խաղ էր խաղում: Ստեպ-ստեպ Գյուլնազը յուր հայացքը դարձնում էր փողոց և նայում խաղացող մանուկներին: Մանկական անմեղ ճլվլոցների ձայնը, հազիվ թափանցելով փակված պատուհանով, հասնում էր նրա ականջներին: Այս մանուկների հետ խաղում էր և նրա միակ աղջիկը, մոտ տասը տարեկան Սուսանը: Գյուլնազը ծնողական զգացմունքների ամբողջ թափով սիրում է յուր Սուսանին և սիրում է այնչափ, որ չի վստահանում րոպե անգամ աչքից հեռացնել: Այս պատճառով, պատուհանի մոտ նստած, հսկում է Սուսանին մայրական զգաստ աչքերով: Ահ, չլինի թե մեկը ընկերներից որևէ վնաս հասցնի նրա զավակին:
Դուրեկան էր, գեղեցիկ էր փոքրիկ Սուսանը: Նա գեղեցիկ էր, որովհետև ներկայացնում էր յուր մոր, Գյուլնազի կատարելատիպը: Փոքրիկ աղջիկը ժառանգաբար ստացել էր բնությունից յուր մոր բոլոր ֆիզիկական հատկությունները, ամենաաննշան մանրամասնություններով անգամ: Բարխուդարը, ամեն անգամ աղջկա երեսին նայելիս, սովորություն ուներ ասելու. «Փառք քո զորութենին, տեր ամենակարող աստված, էդքան էլ նմանություն, կասես, մեր ու աղջիկ մի խնձոր լինեն, երկու տեղ բաժանած»: Պակաս չէր զարմանում և ինքը, Գյուլնազը այդ նմանության վրա: Նա մտաբերում էր յուր մանկությունն ամեն րոպե, երբ նայում էր Սուսանի երեսին: Նրան թվում էր, թե այդ փոքրիկ դեմքի վրա, ինչպես հայելու մեջ, տեսնում է յուր դեմքը: Նույն փայլուն, սևորակ աչքերը երկայն թերթերունքներով, նույն շնորհալի սրածայր քիթը, նուրբ, վարդագույն շրթունքները, գեղեցիկ այտերը, իհարկե, մանկաթյան հատուկ թարմությամբ: Սուսանի հետ խաղացող երեխաների թվում կար մոտ տասնումեկ տարեկան մի տղա: Սա ամենամոտիկ հարևան «կուժ ծախող» Հայրապետի որդի Սեյրանն էր: Հայրապետը յուր ընտանիքով ապրում էր այն տան մեջ, որ գտնվում էր դերձակ Բարխուդարի տանը կից:
Սուսանի և Սեյրանի մեջ նկատվում էր մի տեսակ մտերմություն, մի մտերմություն, որ, երևի, առաջացել էր երկու մանուկների հաճախ տեսնվելուց: Այս մտերմությունը երևան էր գալիս նամանավանդ այն ժամանակ, երբ Սեյրանը կամ Սուսանը կռվում էին իրանց ընկերակիցների հետ: Այսպիսի դեպքերում մեկը պաշտպանում էր մյուսին, օրինակ, երբ Սեյրանը կռվում էր մեկի հետ, Սուսանը իսկույն հարձակվում էր նրա հակառակորդի վրա, յուր փոքրիկ ձեռքերով բռնում էր նրա արխալուղի փեշերը քամակից և բոլոր ուժով քաշում: Այսպիսով նա նպաստում էր Սեյրանի հաղթության: Իսկ երբ Սեյրանի հակառակորդների թիվը մեկից ավելի էր լինում, այդ ժամանակ Սուսանը անմիջապես վաղում էր Սեյրանի մորը հայտնելու:
— Մարիամ բաջի, Մարիամ բաջի, Սեյրանին երեխերքը սպանեցին, — ասում էր նա, արտասուքն աչքերում և հոզմունքից ամբողջ մարմնով դողդողալով:
Մարիամ բաջին իսկույն դուրս էր թռչում և կռվող մանուկներին իրարուց բաժանում: Սույն պաշտպանությունը փոխադարձաբար ցույց էր տալիս Սեյրանը յուր կողմից Սուսանին, երբ վերջինին պատահում էր մեկի հետ կռվել: Իսկ այս փոխադարձ պաշտպանությունը նրանց մյուս ընկերակիցների մեջ զարթեցնում էր նախանձ, որ շատ անգամ արտահայտվում էր բացարձակ թշնամությամբ: Սուսանին և Սեյրանին ծաղրում էին, նրանց վրա ծիծաղում էին և պատահում էր մինչև անգամ, որ, ամենքը միանալով, հարձակվում էին նրանց վրա ու ծեծում:
Գյուլնազին վաղուց էր հայտնի այս ամենը: Այս էր պատճառը, որ նա շուտ-շուտ նայում էր փողոց: Մի առանձին ախորժելի, միևնույն ժամանակ դառն ժպիտ էր սահում Գյուլնազի երեսով ամեն անգամ, երբ նա հայացքը ձգում էր Սուսանի վրա: Նա տեսնում էր, թե ինչպես փոքրիկի դեմքը բերկրությամբ փայլում է, երբ Սեյրանը մոտենալով նրան և ձեռք-ձեռքի տալով քաշում է խաղի ասպարեզը, որտեղից Սուսանը սովորություն ուներ շուտ-շուտ հեռանալ և քաշվել պատի տակ: Նա տեսնում էր, թե ինչպես Սեյրանը հոնքերը կիտում էր ու դեմքը թթվացնում, երբ որևէ բանով անբավական էր լինում Սուսանը:
Այդ րոպեներին Գյուլնազի գլխով տեսակ-տեսակ մտքեր էին անցնում, և նրա մայրական քնքուշ սիրտը սկսում էր բաբախել յուր զավակի ապագա վիճակի մասին: Նա կրկին մտաբերում էր յուր անցյալը, սեփական մանկությունը և այդ մանկության հետ կապված շատ հիշատակներ: Նա Կրծքի խորքից արձակում էր խորը հառաչանքներ:
Ահա այդ հառաչանքներից մեկի վայրկյանին էր, երբ Գյուլնազը հանկարծ զգաց մի զորեղ շարժում: Երկար մտածել չէր կարելի, նա իմացավ, թե ինչ է նշանակում այդ շարժումը: Գուլպան ձգեց մի կողմ և մի ակնթարթում դուրս թռավ:
Առաջին վայրկյան նա մտածեց յուր զավակների, հետո միայն ամուսնու մասին: Որդին — Սմբատը ուսումնարանում է, իսկ ուսումնարանը բավական հեռու է, ուրեմն նախ հարկավոր է որոնել Սուսանին: Գյուլնազը վազեց փողոց, որ արդեն լցվել էր հարևաններով:
— Ախչի՛, Գյուլնա՛զ, Գյուլնա՛զ, այ բոյիդ մեռնեմ, բալաներս, բալաներս, — ասելով հանդիպեց նրան փողոցի դռանը մի միջահասակ կին, երկու ձեռներով ճանկռտելով մերկ կուրծքը:
Սա հարևան «կուժ ծախող» Հայրապետի կինն էր, Սեյրանի մայրը, Մարիամ բաջին: Գյուլնազի մեջ կենդանություն չէր մնացել, նրա լեզուն կաշկանդվել էր. խոսելու ուժ չուներ: Առանց պատասխան տալու, թռավ առաջ և ընկավ Մարիամ բաջու գիրկը, ինքն էլ չգիտեր ինչու համար:
— Ձեռ քաշիր, ախչի՛, խելքդ գլուխդ հավաքիր, որ տեսնենք բալաներս ինչ տեղ մնացին, — բղավեց Մարիամ բաջին, բոլոր ուժով հրելով Գյուլնազի կրծքին:
Խեղճ կինը բոլորովին ուժաթափ եղավ, բայց ոչ երկար ժամանակ: Մայրական սերը կրկին վերադարձրեց նրան բնական աշխուժությունը: Նա, գլխակոր վազելով, հետևեց Մարիամ բաջուն, որ նույն վայրկյանին ինքն էլ չգիտեր, ուր է վազում:
Այս ամենը անցնում էր երկրաշարժը պատահած րոպեին, երբ մարդիկ զգում էին, թե դեռ երկիրը չի դադարել օրորվելուց: Երկու մայրերը չգիտեին ինչտեղ էին իրանց զավակները: Գյուլնազը այնքան շփոթված էր, որ մոռացել էր, թե մի րոպե առաջ նրա Սուսանը խաղում էր մանուկների հետ հենց իրանց տան պատուհանի առջև, ուրեմն այդ կարճ միջոցում նրանք չէին կարող շատ հեռու փախչել: Խեղճ կանայք, փետտելով իրանց գլխի մազերը և եղունգներով ճանկռտելով իրանց երեսն ու կուրծքը, վազում էին այս ու այն կողմը, սուգ ու շիվան բարձրացրած: Հանկարծ նրանց դեմ վազեց մի գունաթափ մանուկ և արտասուքը աչքերում, խեղդված ձայնով ասաց.
— Մարիամ բաջի, այ Սեյրանը Սուսանի հետ մնացին հողի տակ, շուտ արեք հանեցեք, խեղճերի սիրտը կճաքի:
Մանուկը ցույց տվավ մի փոքր դեպի ձախ այնտեղից, ուր ինքը քիչ առաջ անհոգությամբ խաղում էր Սուսանի ու Սեյրանի հետ: Մանկան բերանից թռած չարագուշակ խոսքերը սուր ասեղներ էին, ցցված դժբախտ մայրերի սրտում:
— Բալաս վայ, վա՜յ, — դուրս թռավ միաժամանակ նրանց կրծքից: Սա մի վայրենի ձայն էր, մի ձայն, որ կարող է միայն մոր կրծքից դուրս գալ զավակի կործանման վայրկյանին:

II


Բարխուդարի և Հայրապետի խանութները գտնվում էին քաղաքի միևնույն թաղում, միևնույն շարքում, այնպես որ այստեղ ևս նրանք հարևաններ էին: Նույն ժամին, երբ Գյուլնազը պատուհանի առաջ նստած գուլպա էր գործում, նրա ամուսինը, Բարխուդարը, յուր խանութում, մինդարի վրա ծալապատիկ նստած, դազգյահի առաջ կար էր անում:
Մոտ հիսուն տարեկան էր Բարխուդարը, բարձրահասակ, հաստ ու բավական երկայն բեղերով, սափրած երեսով, խիտ հոնքերով, որոնց տակ տեղավորված էին նրա շագանակագույն աչքերը: Բարխուդարը ավելի նիհար էր, քան գեր, բայց նրա այտերի տակից դուրս ցցված հաստ ոսկորները, լայն թիկունքները և բարձր ուսերը արտահայտում էին նախանձելի առողջություն և ուժ: Նա հագնում էր երկայն թևավոր կապա, նույն ձևի արխալուղ, որի վրա ուղիղ երեք ծալ կապած էր կապտագույն մետաքսյա գոտի: Իսկ գլուխը ծածկում էր բուխարայի սև մորթուց կարած երկայն, սրագագաթ գդակով, որի ծայրերը թե՛ ներքևից և թե՛ վերևից մաշվել էին, տեղ-տեղ մորթու մազերը թափվել էր ու սպիտակ կաշին մերկացել: Բացի Բարխուդարից, խանութում գործում էին երեք աշակերտներ և մի քյարգյար (օգնական վարպետի Բարխուդարը յուր փոքրավորներին և՛ սիրում էր, և՛ ատում. նա և՛ կակղությամբ էր վարվում նրանց հետ, և՛ խստությամբ, նայելով ինչ հոգեկան տրամադրության մեջ էր: Եթե գոհ էր յուր աշակերտների վարք ու բարքից, կատարած գործերից, կատարյալ հայր էր նրանց համար: Սիրում էր նրանց, ինչպես յուր Սմբատին և Սուսանին, պարգևներ էր բաշխում, հետը տուն էր տանում ճաշելու, ընթրելու կամ թեյ խմելու: Մուշտարի եկած ժամանակ աշխատում էր, որքան կարելի է «շագիր — դանա»1 շատ պոկել: Իսկ երբ նա տխուր էր կամ աշակերտներից անբավական, այն ժամանակ կատաղում էր, և ի՛նչպես: Նրա մշտական մռայլ դեմքը կարմրում էր, աչքերը արյունով լցվում էին. նա մոռանում էր ամեն բան: էլ մկրատներ, գազաչափեր, մոմի կռուճներ, մատնոցներ, մահուդի կտորտանք չէին մնում, որ նստած տեղից չհասցներ հանցավոր աշակերտի գլխին: Երբեմն պատահում էր, որ գործ էր դնում կրակով լիք արդուկը կամ տեղից վեր էր կենում, բարձրացնում էր փոքրիկ հանցավորին մինչև յուր գլուխը և միանգամից վայր խփում գետնին: Աշակերտը զգում էր, թե իբր մի բարձր ծառից է ընկնում, այնքան երկայն էր վարպետի հասակը: Այս բավական չէր. պատժվելուց հետո հանցավորը չէր կարող բարձր ձայնով լաց լինել, եթե ոչ հավատացած էր, որ երկրորդ անգամ կպատժվի: Նա քաշվում էր խանութի մի անկյունը, և սովորաբար այն անկյունը, ուր ածուխ էր հավաքած և, նստելով այստեղ, լաց էր լինում կամացուկ, մինչև որ սիրտը հանդարտվում էր: Այնուհետև Բարխուդարը սկսում էր նրա սիրտն առնել, խրատներ տալ, իհարկե, միևնույն ժամանակ, արտաքուստ ցույց չտալով, թե զղջամ է յուր խստության մասին:
— Քիչ տզտզիր, վե՛ր կաց, էս չուխան տար տուր տիրոջը, ամա տես հա՛, առանց շագիրդանի չի պուք գաս:
Պատժված աշակերտը աչքերը սրբում էր և ցավը մոռանում:
Երկրաշարժը պատահած րոպեին Բարխուդարը դարձյալ բարկացած էր աշակերտներից մեկի վրա: Նա հենց նոր էր վերջացրել կշտին դրած մոմի կռուճները, գազաչափերը, մահուդի կտորտանքը և ուզում էր տեղից բարձրանալ, երբ բոլոր մարմնով դողաց և «թրըփ» մեկ էլ նորից նստեց տեղը:
— Ուստա, դո՛ւրս թռիր, տափը տիրուն ա կյամ, — գոռաց քյարգյար Սարգիսը և, պատասխանի չսպասելով, ինքը մի ոստումով թռավ փողոց:
Բարխուդարը և աշակերտները անմիջապես հետևեցին նրան:
— Սարգի՛ս, դուքանը ձեռաց կապիր, ես տուն եմ վազում, — ասաց և գդակը գլխից հանելով (ինքն էլ չգիտեր ինչու), վազեց դեպի տուն:
Տունը բավական հեռու էր, գտնվում էր քաղաքի մյուս ծայրում: Ամբողջ ճանապարհը Բարխուդարը պիտի բարձրանար դեպի վեր, որ մի մեծ դժվարություն էր նրա համար այդպիսի դրության մեջ: Նա սկսեց յուր երկայն ոտներին ուժ տալ: Մի քանի քայլ չանցած, նրան հանդիպեց Հայրապետը:
— Զրընգ, զրընգ, փշրվեցին, Բարխուդար, տունս քանդվեց:
— Քեչի ջան հարայընդա, ղասաբ — փի1, — պատասխանեց միայն Բարխուդարը, ուշադրություն չդարձնելով Հայրապետի վրա և մինչև անգամ չնայելով նրա երեսին:
Հարևաններր շարունակեցին իրանց ճանապարհը դեպի տուն: Բարխուդարը արագիլի նման էր ընթանում, մինչդեռ Հայրապետը հազիվ հազ կարողանում էր հետևել նրան: Կարճահասակ մարդը ճարահատյալ սկսեց վազ տալ, որպեսզի հետ չմնա յուր հարևանից:
Քաղաքը չէր հանդարտվում, փողոցները դեռ լիքն էին խառնիճաղանջ ամբոխով: Հայրապետը և Բարխուդարը դժվարությամբ էին կարողանում իրանց համար ճանապարհ բանալ: Ամեն մի քայլափոխում նրանց առաջ հանդիսանում էին մեկը մյուսից զարհուրելի տեսարաններ: Մի կողմում երեք-չորս մարդիկ փալասի մեջ փաթաթած տանում էին բազարից դեպի տուն իրանց ազգականներից մեկի դիակը: Փալասի ծայրերը բռնողները լաց չեն լինում, նրանց աչքերի արտասուքը չորացել է. նրանք առաջ են շարժվում լուռ ու մունջ, ինչպես գիշերային ուրվականներ: Մյուս կողմում մեջքից ծոված մի ծերունի, կանգնած յուր փլատակված տան ավերակների վրա, ողբում է յուր որդու կորուստը, ուժաթափ ձեռները խփելով ալեզարդ գլխին: Այստեղ հավաքված են մի խումբ մանուկներ: Նրանք, իրանց մոր դիակը շրջապատած, մի այնպիսի աղաղակ են բարձրացրել, որ լսողի գլխի մազերն են ցցվում: Այնտեղ ահա, ուղիղ փողոցի մեջտեղում, մի կին է նստած: Նա յուր գրկում բռնած է մի մանկահասակ աղջկա ջարդ ու փշուր եղած գլուխը, կատաղի համբուրում է նրան: Երբեմն բարձրացնում է յուր գլուխը և, երկու ձեռներով բռնելով անցորդների հագուստի փեշերից, բղավում է վայրենի ձայնով.
— Տվեք ինձ, ի՛նձ տվեք մինիկ աղջկանս, դուք եք նրան սպանել, անաստվածներ, դուք չօգնեցիք նրան հողի տակից դուրս բերելու:
Սակայն անցորդները ուշադրություն չեն դարձնում նրա վրա, միայն մի վայրկյան նայում են նրա արյունալի աչքերին, «գժվել է», բացականչում են և, գլուխները շարժելով, շարունակում են իրանց ճանապարհը:
Եվ այսպես, ամեն քայլափոխում Բարխուդարը և Հայրապետը հանդիպում էին մեկը մյուսից ավելի ողբերգական, ավելի սարսափելի պատկերների:
Վերջապես, հասան այն փողոցը, ուր գտնվում էին նրանց տները: Դեռ փողոցի ծայրից Բարխուդարը տեսավ, որ յուր տան հանդեպ խառնվում են մարդիկ:
«Տունս թափվել է, կնիկս ու բալաներս տակն են մնացել», անցավ նրա մտքով, և նա զգաց սոսկում: Պակաս չսարսեց և Հայրապետը, բայց նույն վայրկյանին հանկարծ նրանց առաջը կտրեց մի գունաթափ պատանի:
Սա Բարխուդարի որդի Սմբատն էր:
— Սուսանին էլ դուրս բերեցին հողի տակից, Սեյրանին էլ, սաղ սալամաթ են: Մի քիչ Սեյրանի գլուխը արնվել է, ինքը լաց չի լինում, ասում է, չի ցավում, ծիծաղում է:
— Բաս մե՞րդ, Մարիամ բաջի՞դ, սաղ սալամա՞թ են, — հարցրեց Հայրապետը:
— Չիմ, չիմ սաղ սալամաթ են: Մարիամ բաջին ինձ ասեց, որ վազ տամ ու ձեզանից խաբար իմանամ: Շուտ հասեք, նրանք նիգարան են, դրսում հավաքված լաց են լինում:
Փողոցում նրանք հանդիպեցին Գյուլնազին և Մարիամ բաջուն: Մաբիամ բաջին, տեսնելով յուր ամուսնուն կենդանի է անվնաս, չկարողացավ զսպել յուր ուրախությունը: Նա վազեց առաջ և ուզում էև փաթաթվել Հայրապետի վզովը, բայց հանկարծ մտաբերեց, որ փողոցումն է և ետ քաշվեց: Իսկ ամոթխած Գյուլնազը ուրախության արտաքին ոչինչ նշան չցույց տվավ:
— Սաղ սալամաթ են, — խոսեց վերջապես Մարիամ բաջին, — Սեյրանս ու Սուսանս ազատվեցին, օղորմի մեր հարևանների մեռելներին, նրանք մեզ ձեռք հասցրին, հանեցինք հողի տակից:
— Փառք աստուծո, փառք աստուծո, — ասացին միաբերան Բարխուդարն ու Հայրապետը, իրանց երեսների քրտինքը սրբելով:
— Ամատունս քանդվեց, Մարիամ ջան, զրընգ-զրընգ կուժ ու կուլաս փշրվեցին: Ու՛ֆ, հենց կասես ոսկորներս էին փշրվում, հավատաս, մի հատ էլ սաղ չի մնացել: Պիտի վազ տամ, տեսնեմ:
— Փիեե՜, զահլա տարիր հո, — հանդիմանեց Բարխուդարը յուր հարևանին, — ինչ անշնորհակալ մարդ ես, մին երեսիդ խաչահանիր, որ մենք ամեններս սաղ սալամաթ ազատվել ենք:
Այս ասելով, Բարխուդարը մյուսների հետ շտապեց ներս:
Երկու հարևաններից ոչ մեկի տունը չէր քանդվել, միայն բակի կողմից ցած պարիսպը փլատակվել էր կիսով չափ: Նույնպես մի քանի տեղերից ճաքճքվել էր փողոցի պարիսպը: Այս կողմից երկու հարևանները համեմատաբար բախտավոր էին, քան մյուս հարևանները, որոնցից շատերի տները կատարյալ ավերակ էին դարձել:
Բարխուդարը և Հայրապետը, տեղեկանալով Սուսանի և Սեյրանի մասին, շտապեցին իրանց ազգականների ու բարեկամների մոտ` «հալ օվհալ» իմանալու:
Մի երկու ժամից հետո վերադարձան և հայտնեցին, թե փառք աստուծո, ամենքը փրկված են, միայն այս ինչի գլուխն է քիչ ջարդվել, այն ինչի կուռն է դուրս ընկել և այլն:
— Ամա բանից երևում է, շատ մարդ է փչացել, ասում են մոտ հիսուն հոգի կա, — ավելացրեց Բարխուդարը:
— Ինչ հիսուն, սաղ քաղաքն է սուգի մեջ, — մեջ մտավ Հայրապետը: — Գնացի, Մարիամ ջան, դուքանս տեսա, մոխիր, մոխիր, հենց կասես, աման-չամաններս ձեռքով են փշրած: Սաղերը ջոկեցի, ղրաղ դրի: Դրուստ երկու հարյուր կուժ է մնացել, հարյուր կուլա, վեց կարաս, տասներկու խաշխաշի գավաթներ, է, մին էլ քսանութ գիլասարի աման, մնացածը «հյուֆֆ», թո՛զ:

III

Քաղաքը բավական հանդարտվել էր, ցերեկվա խլացուցիչ աղմուկի, դղրդոցի փոխարեն այս ու այն կողմերից լսվում էին լալու հանդարտ ձայներ: Իսկ քաղաքի հեռավոր մասերից, թրքերի թաղերից երբեմն-երբեմն բարձրանում էին ծնծղաների և թմբուկների հնչյուններ: Կանանց, տղամարդկանց և երեխաների «շահ Հյուսեյին, վա՛հ Հյուսեյին» բացականչող ձայները, խառնվելով այդ հնչյունների հետ և տարածվելով խավար մթնոլորտի մեջ, մի տեսակ անբացատրելի զարհուրանք էին ազդում:
Սա թուրք դժբախտ ընտանիքներն էին, որոնք ողբում էին իրենց ազգականների հանկարծակի կորուստը:
Օդը բավական մաքրվել էր: Փլատակված շինություններից բարձրացած փոշին նստել էր գետնին: Երկինքը պարզ էր, լուսին չկար: Դժբախտացած քաղաքի ողբերգության վկա աստղերը պայծառությամբ պսպղում էին: Բնակիչները — ոմանք իրանց տների բակերում, ոմանք փողոցներում, բաց օդի տակ կամ վրանների մեջ — պատրաստվում էին հանգստանալու ցերեկվա չարչարանքներից հետո: Ոչ ոք չէր համարձակվում յուր տունը մտնել, ամենքը երկյուղ ունեին երկրաշարժը կրկնվելուց:
Բարխուդարի և Հայրապետի ընտանիքները վճռեցին այս գիշեր միասին անցկացնել: Գյուլնազը, Մարիամ բաջու օգնությամբ, սփռելով բակում, խորտակված պարսպից քիչ հեռու, մի քանի կապերտներ, բավական ընդարձակ տեղ էր պատրաստել երկու ընտանիքների համար:
Բարխուդարի և Հայրապետի ընտանիքների մեջ կար մի անկեղծ բարեկամություն նահապետական ձևով: Երկու հարևան ընտանիքները մոտ քսան տարի էր, որ խաղաղ և անխախտ շարունակում էին այդ բարեկամությունը: Քսան տարիներ ապրելով միասին, նրանք այնչափ ընտելացել էին իրարու, որչափ հազիվ կարողանան ընտելանալ երկու ազգական ընտանիքներ: Մեկի տխրությունը բնականաբար տխրություն էր պատճառում մյուսին, ուրախությունը — ուրախություն:
— Մի հատ քեզ պես հարևանը ինձ համար թանկ է, քան տասը ազգականներ, — դեպքը պատահած ժամանակ Հայրապետը չէր մոռանում կրկնել Բարխուդարին:
— Եթե պատահում էր, որ նրանցից մեկը այս կամ այն ձախորդության պատճառով ընկնում էր նյութական կամ բարոյական նեղ դրության մեջ, իսկույն մյուսը, առանց հարցնելու, աշխատում էր յուր հարևանին դուրս բերել նեղությունից:
— Բարխադա՛ր:
— Հը՞մ:
— Ախար երեկ էլի «սուխարի» (ժլատ) Սարգիսը բազարում բռնեց ինձ:
— Պատճա՞ռը:
— Դուքանի քրեհ է ուզում:
— Լա՛վ:
Եվ Բարխուդարը մյուս օրը, մի կերպ հաշիվը վերջացնելով «սուխարի» Սարգսի հետ, Հայրապետի օձիքը ազատում էր նրա ձեռքից:
Այս սերտ բարեկամության շնորհիվ շատ հազիվ էր պատահում, որ երկու ընտանիքները նեղ դրության մեջ մնային:
— Ունայնություն ունայնությանց, այսօր բաղումն ենք, վաղը հողումը, — կրկնում էր Բարխուդարը ստեպ-ստեպ:
Մյուս հարևանները, տեսնելով Բարխուդարի և Հայրապետի այս բարեկամությունը, զարմանում էին, մանավանդ նրանք, որոնք ավելի մոտիկ էին ծանոթ երկու հարևանների բնավորությանը: Այսպիսիների համար հանելուկ էր, արդյոք ինչն է նպաստում Հայրապետի և Բարխուդարի այդչափ սերտ բարեկամությանը: Նրանք երկար միջոց իրարու հետ վիճաբանում էին այս մասին: Վերջի վերջո, իրանց կարծիքով, մի կերպ իբրև թե հանելուկը բացատրեցին:
Առաջ Հայրապետի ու Բարխուդարի հարևանները այսպես էին դատում:
— Տանձ ու խնձոր մի ծառի վրա ո՛վ է տեսել: Ախար մինը կրակի կտոր գայլ է, մյուսը գլուխը բոշ-ոչխար, յարաբ ի՞նչպես են իրարու աչքը մտել:
Իսկ հետո, երբ, իրանց կարծիքով, գաղտնիքը իմացան, այսպես էին դատում.
— Մինը էշ է, մյուսը փալան:
Այսպես թե այնպես, Հայրապետը և Բարխուդարը բարեկամներ էին, և այս բարեկամությունը իրավունք էր տալիս նրանց ընտանիքներին միասին գիշերելու:
Բարխուդարը նստած էր փափուկ մինդարներից մեկի վրա: Նա, մի կուռը բարձին հենած, մյուս ձեռով երկայն ու բարակ չիբուխը բռնած, մտածողության մեջ թաղված, ծխում էր: Դաղստանի դառն թամբաքուի ծուխը, քուլա-քուլա դուրս սրընթալով նրա հաստ բեղերի տակից, ոլոր-մոլոր պտույտներով բարձրանում էր խաղաղ օդի մեջ: Ամեն անգամ, ծխի քուլաները բերանից դուրս արձակելու ժամանակ, Բարխուդարը գլուխը բարձրացնում էր վեր և, կրկին ցած ձգելով, «չըրթ» թքում գետնին: Հայրապետը նստած էր նրա դեմ ու դեմ: Այս մարդը նույնպես ինչ-որ մտածմունքների մեչ էր, ինչպես այդ երևում էր նրա ճակատի կնճիռներից: Երկայն տերողորմյայի սև ու խոշոր հատիկները, կանոնավոր կերպով պտույտ գալով նրա ձեռում, չխկչխկում էին միատեսակ ձայնով: Կար մի տեսակ ներդաշնակություն այդ չխկչխկոցների և Բարխուդարի բերանից դուրս եկող ծխի քուլաների մեջ:
Սմբատը, մի կողմ քաշված, ճրագի առաջ ինչ-որ գիրք էր թերթում: Նրանից մի փոքր հեռու Մարիամ բաջին և Գյուլնազը, քիթ քթի տված, ընթրիքի պատրաստություն էին տեսնում, երբեմն իրարու հետ քչփչալով: Սուսանը և Սեյրանը պառկած էին Բարխուդարի ձախ կողմում, ջոկ-ջոկ անկողինների մեջ:
Սեյրանի գլուխը և ձախ աչքը փաթաթված էին կարմիր թաշկինակով: Սուսանը բոլորովին անվնաս էր պրծել:
Վտանգից փրկված մանուկները, իրարու դեմ պառկած, խոսակցում էին մի քանի ժամ առաջ իրանց գլխով անցած փորձանքի մասին: Նրանք խոսում էին այնպիսի սառնասրտությամբ, որ կարող էր ամաչեցնել հասակավորներին:
— Ես հողի տակ չլսեցի կարմիր կովի ձայնը, — ասում էր Սեյրանը:
— Ես լսեցի. նա մին բառաչում էր, մին բառաչում էր, որ ջանս զարզանդում էր, — պատասխանեց Սուսանը:
— Ի՞նչպիսի կով էր. պոզեր ունե՞ր:
— Ուներ, ուներ, ամեն պոզը էն ծառի բոյի, — Սուսանը յուր փոքրիկ ձեռքով ցույց տվավ բակում գտնվող կանաչազարդ թթենին:
— Աչքեր էլ ունե՞ր, — կրկին հարցրեց Սեյրանը:
— Բաս, բաս, այ էսպես, — Սուսանը վերմակի տակից հանեց երկու ձեռները և, նրանց ծայրերը իրարու մոտեցնելով, կռներով մի շրջանակ կազմեց:
— Ես պոզերն էլ տեսա, գլուխն էլ տեսա, աչքերն էլ տեսա, — շարունակեց Սուսանը, չիմ տեսա, չիմ: Սեյրան, նա բերանը բաց էր արել ու ինձ ասում էր. «Սուսան, Սուսան, ես քեզ կուլ կտամ, իմանո՞ւմ ես»: Սեյրան, նրա բերանից, քթի ծակերից, աչքերից մին կրակ էր փչում, մին կրակ էր փչում, որ կասես, մեր էն մեծ թոնիրն էր: Դու տեսե՞լ ես մեր մեծ թոնիրը:
— Հա՛, տեսել եմ:
— Իմանո՞ւմ ես, որ հաց թխելիս նրա մեջ ալովը ինչպես է «գուփ-գուփ» անում:
— Հա, տեսել եմ, իմանում եմ:
— Այ, կովի բերանի կրակն էլ հենց էնենց «գուփ-գուփ» էր անում: Իմանո՞ւմ ես: Բաս լեզուն, էլ մի՛ ասա, վա՜յ, վա՜յ. հենց կասես, որ նոր թխած կարմիր հաց լիներ:
— Սուտ ես ասում, ես չեմ հավատում, — ընդմիջեց նրան Սեյրանը, ուղղելով յուր գլխի թաշկինակը:
— Ես եմ սուտ ասո՞ւմ, եեեե՞ս, եեեե՞ս, — բարկացավ Սուսանը, գլուխը բարձրացնելով և ձեռներով ճակատի վրա թափած գանգուր մազերը հետ դարսելով: — Բաս չե՞ս իմանում, որ տափի տակին կարմիր կով կա: Չե՞ս իմանում, որ երբ որ մարդիկ կարմիր կովին շատ են կթում, էլ նրա պստիկ բալի համար կաթ չեն թողնում, կովը հրսոտվում է մեզ վրա: Չե՞ս իմանում, որ պոզերով տափը ժաժ է տալիս ու մեզ էլ տակովն է անում էսօրվա պես: Հը՞մ, հը՞մ, չե՞ս իմանում:
— Քեզանից էլ լավ եմ իմանում, ինչպես չեմ իմանում, ամա դու էլի սո՛ւտ ես ասում, ինչու որ նրան հողի տակը իսկի չես տեսել:
— Սուտը դու ես, որ չես հավատում: Սուտ, սուտ, սուո՛ւտ:
— Ուտես հավի կո՛ւտ, հը՛ը, դեհ, լա՞վ էր, — բարկացավ Սուսանը և կարմրեց:
— Հա՛ հա՛ հա՛, — կչկչաց Սեյրանը:
— Ծիծաղիր, ծիծաղիր, անհավատ, հարցու հայրիկից:
— էլի ի՞նչ կա, ինչո՞ւ համար եք կռիվ անում, — մեջ մտավ Բարխուդարը, վերջապես չիբուխը հանելով բերանից և կշտին դնելով:
— Սեյրանը չի հավատում, որ տափի տակին կարմիր կով կա:
— Սուտ է ասում Սուսանը, ես հավատում եմ, — արդարացավ Սեյրանը:
— Հա, կա, բալաներս, բաս որ չլիներ, էսօր տափը ժաժ կգա՛ր, — ասաց Բարխուդարը, քաղցրությամբ շոյելով Սուսանի մազերը և համբուրելով նրա ճակատը:
— Ո՛վ էր հրսոտացրել կարմիր կովին, որ մեզ հողի տակ թողեց, — հարցրեց Սեյրանը:
— Զեզ պես չար ու կռվարար երեխերքը:
— Մենք ի՞նչ ենք արել, որ ասում ես:
— Էլ ի՞նչ պիտի անեք, մեր խոսքը չեք լսում, մեր ասածը չեք կատարում, չարություններ եք անում, երեխաների հետ կռիվ եք անում ամեն օր, այ ինչ եք անում:
— Ես իսկի կռիվ չեմ անում, — հակառակեց Սուսանը:
— Ես Սուսանին էնքան եմ սիրում, էնքան եմ սիրում, որ չեմ ուզում ինձանից հեռանա, ինչո՞ւ պիտի կռիվ անենք, — ավելացրեց Սեյրանը:

Аудиоплеер

Календарь

«  Декабрь 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Друзья сайта

Поиск

Copyright MyCorp © 2024 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика