Месроп Маштоц / Մեսրոպ Մաշտոց
Կենսագրությունը
Մեսրոպ Մաշտոց, (Մաշտոց, Մաշթոց) (361թ․ ապրիլի 5, գյուղ Հացեկաց (Տարոնի գավառում ) - 440թ․ փետրվարի 17, Վաղարշապատ (այժմԷջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր (հայկական) դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։ Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։
Մեսրոպ Մաշտոցը կիսազնվական Վարդանի որդին էր։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին,ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով III (մոտ 385 − 388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396 - ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանլելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։ Մոտ 404 - ին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398-408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405-406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416-429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարգմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել էՈւտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։
Կյանքի վերջին տարիներին գրել է հոգևոր շարականներ, կրոնա-փիլիսոփայական երկեր։
Հայ գրերի ստեղծումը
Մաշտոցը այդ առաքելության ժամանակ սկսել է լրջորեն մտահոգվել երկրի վիճակով։ Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչըհրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Գողթում կատարած քարոզչությունըՄաշտոցի մեջ հաստատեց հայերեն գիր ու գրականություն ունենալու հրատապ կարևորությունը։ Կային այդ որոշումն ընդունելու նաև այլ ծանրակշիռ պատճառներ։ 387 թ. երկու մասի բաժանված Հայաստանի արևելյան և արևմտյան մասում թեև պահպանվում էր հայոց թագավորությունը, բայց պարսկական ազդեցությունն օրավուր մեծանում էր։ Երկրի արևմտյան մասում, որը միացված էր Բյուզանդիային, վերացված էր հայոց թագավորությունը, եկեղեցին ենթակա էրհունական եպիսկոպոսությանը, եկեղեցու և պետական լեզուն հունարենն էր։ Հայաստանի երկու մասերի միմյանցից օտարացումը սպառնում էր երկրի և ժողովրդի ամբողջությանը, վերահաս էր դառնում հայության ձուլման վտանգը, ամբողջ երկրում դպրոցների, համալսարանների լեզուն հունարենն էր, մասամբ ասորերենը,եկեղեցականների զգալի մասը հույներ ու ասորիներ էին, հայ հոգևորականության որոշ մասը հունախոս էր։
Հայ գրերի ստեղծման անհրաժեշտությունը
Արևմտյան շատ գավառներում հունարեն ու հունական կենցաղը արմատանում էին հայ ընտանիքներում։ Արքունիքում պաշտոնավարելիս և հետո Մաշտոցը կանխազգացել էր հայկական ինքնուրույն պետության մոտալուտ անկումը։ «Տեսնելով, որ հայոց թագավորության վերջը հասել է, Մեսրոպը (երկրի) խռովություններն իր համբերության նյութ դարձրեց» (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, 1968 թ. )։
Այսպես Մաշտոցի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները.
- հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն,
- ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն
- հայությունը փրկել ձուլումից և դա ապահովել հետագայի համար
- ամրացնել երկրի քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում։
Մաշտոցի այս ծրագիրը ձևավորվեց Գողթում ունեցած գործունեությունից հետո, երբ Կորյունի, «Նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն (Հայոց) աշխարհի ժողովրդին մխիթարելու մասին» (Կորյուն,Վարք Մաշտոցի, 1962 թ) գրքում բերվում են նաև Մաշտոցի խոսքերը. «Տրտմություն է ինձ համար, և անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների և ազգակիցների համար»։
Սահակ Պարթև
387 թ. Կաթողիկոս դարձած Սահակ Պարթևը, որ միշտ եղել է ազգակենտրոն քաղաքականության առաջամարտիկ և Մաշտոցի գլխավոր հենարանը նրա գործունեության սկզբից ևետ, ունեցել է նույն մտահոգությունը։ Գալով Վաղարշապատ, Մաշտոցը կաթողիկոսին հայտնում է իր ծրագիրը և անմիջապես ստանում նրա լիակատար հավանությունը։ Գումարվում է ժողով նվիրված հայերեն գիր ունենալու հարցին։ Վռամշապուհ թագավորը հավանություն է տալիս նպատակին՝ հայտնելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան։ Ժողովի խնդրանքով թագավորը հայ գրերի նախանձախնդիր մի իշխանի Վահրիճ անունով, ուղարկում է Դանիելի մերձակից Հաբել երեցի մոտ։ Վերջինս Դանիելից առնելով գրերը Վահրիճի հետ բերում է Հայաստան։ Այստեղ հիմնվում են դպրոցներ, Մաշտոցը ստանում է վարդապետի (ուսուցչի) կոչում և սկսում մանուկներին հայոց լեզու ուսուցանել բերված գրերորց։ Սկիզբ է դրվում հայերեն դպրության։ Մոտ երկու տարվա դասավանդումից հետո պարզվում է, որ դանիելյան նշանագրերը ժամանակի հայերենն արտահայտելու համար անբավարար են ու անհարմար լեզվի վանկարկման ու ուսուցման տեսակետից. «… հասկացան, որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն լեզվի սիզոբաները-կապերն ամբողջությամբ արտահայտելու համար»։ Դանիելյան նշանագրերի մասին բանասերները հակադիր ենթադրություններ են արել։ Բացառված չէ, որ դրանցով ինչ որ ժամանակ գրվել է հայերեն, իսկ Մաշտոցի օրոք դրանք չեն բավարարել հայերեն դասավանդելու և հայոց դպրություն ստեղծելու համար։
Սահակ Պարթևի երաշխավորությամբ, թագավորի հրամանով այս անգամ Մաշտոցը իր աշակերտ-օգնականների հետ մի խումբ մանուկներ առած, ուղևորվում է Ասորիք։ Լինում է Ամիդ, ապա Եդեսիա քաղաքներում, հայոց գրերի մասին խորհրդակցում ասորի հոգևորականների հետ, բայց ապարդյուն։ Մանուկների մի մասին ասորական կրթություն է տալիս Եդեսիայում, մյուսին ուղարկում ավելի հյուսիս Սամոսատ, հունական կրթության։ Եդեսիայում Մաշտոցը ստեղծագործական երկունք ապրեց, «… նա շատ նեղություններ քաշեց իր ազգաին մի բառի օգնություն գտնելու համար»
Հայերեն հնչյունական համակարգի ստեղծումը
Մաշտոցը 405-ին ստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր. «Նա իր սուրբ աջով հայրաբրա ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանագրեր»։ Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորոմ է օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա =1, Ժ = 10, Ճ = 100)։ Ապա անցնելով Սամոսատ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանում իր օգնականներին և այդտեղ հունական կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որոնց սկիզբն է. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ…». սրանք մեսրոպատառ գրված առաջին բառերն էին։
Հայ դպրության հիմնադրումը
Հայոց գրերը ստեղծելիս Մաշտոցը պետք է լուծեր մի շարք բարդ խնդիրներ, որոնցից էին Հայաստանի ավելի քան 300 հազար կմ քառակուսի տարածքում խոսվող բարբառների պայմաններում միասնական գրական հայերենի համար հնչյունական կանոնի որոշումը, գրության ձախից աջ (ինչպես հունարենում) և աջից ձախ (ինչպես ասորերենում) եղած տարբերակներից մեկն ընտրելը, ձայնավորների համար տառեր ունենալու թե չունենալու և կամ ձայնավորների համար հավելանշումներով (դիակրիտիկ նշաններով) արտահայտելու հարցի լուծումը։ Հայերենի հնչյունային համակարգը որոշելից Մաշտոցը առավելապես նկատի առավ արքունիքում, նախարարական որոշ տներում, հոգևորականության շրջանում ձևավորված ծառայողական (ատենական) հայերենը, որը հենված էր արարատյան (ըստ այլ կարծիքների Տարոնի) խոսվածքի վրա և ինքը գործածում էր Սուրբ գիրքը բանավոր թարգմանելիս ու քարոզելիս։ Շրջանցելով խոսվածքային նեղ առանձնահատկությունները նա որոշեց բառակազմիչ հնչյունների (հնչույթների) իրական քանակը, հայերենի համար բացառեց վանկային և ձայնավորներ չունեցող գրային համարակարգերը, առաջնորդվեց մեկ հնչյունին (հնչույթին) մեկ գիր սկզբունքով, հայերենի յուրաքանչյուր հնչյունի համար ստեղծվեց մեկ նշանագիր (բացառություն էր «ու» հնչյունը, եթե այն երկբարբառային արտասանություն չուներ)։ Մաշտոցը իրավացիորեն հրաժարվեց տառերի ձայնային արժեքը փոխող կետերից ու գծիկներից յուրաքանչյուր դեպքում գերադասելով ունենալ առանձին տառ։ Այդպես ստեղծվեց 36 տառ, որոնց կիրառությունը ճշտեց Սողոմոնի առակները թարգմանելիս՝ որդեգրելով գրելու հորիզոնական առաջընթաց հարմարագույն եղանակը, դրեց հայերենի ուղղագրության հիմքը (օրինակ թեև ստեղծվել էր «ը» տառը, բայց, նկատի ունենալով համապատասխան հնչյունի հաճախակի գործածությունը հայերենում, «ը» տառի գրությունը սահմանափակող կանոն հաստատեց)։ Մաշտոցի ստեղծած գիրը և ուղղագրությունը դարձան ամենից լիարժեքը ժամանակի մյուս գրային համակարգերի շարքում և չհնացան անցած 1600 տարիներին։ Միջնադարում Մաշտոցի գրած տառերին ավելացան միայն «o» և «ֆ» տառերը։ Հետագայում արվել են մի քանի ուղղագրական փոփոխություններ (հատկապես արևելահայերենի համար՝ 1922, 1940)։
Մաշտոցը նորաստեղծ գրերով վերադառնում է հայրենիք։ Երկրում ծավալվում է թարգմանչաց շարժումը, որը լուսավորական-կրթական ընդարձակ ու երկարատև գործունեություն էր (երկրի բոլոր մասերում հայկական դպրոցների հիմնադրում, թարգմանական ծավալուն աշխատանք, հայ դպրության ստեղծում, եկեղեցու ու քարոզչության հայացում, հայ գրչության կենտրոնների ու գրադարանների հիմնում)։
Աստվածաշնչի թարգմանությունը
Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցն աշակերտների հետ սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը՝ մի մասն ասորերենից, մյուս մասը հունարենից։ Մաշտոցը նախքան այդ իր քարոզչական գործունեության ժամանակ, բազմիցս բանավոր թարգմանած լինելով Աստվածաշնչի առանձին հատվածներ, դրանց զգալի մասն անգիր գիտեր, և մնում էր ստուգել ու գրի առնել նորագյուտ տառերով։ Կարճ ժամանակում Սուրբ գրքի հիմնական մասը թարգմանվել էր հայերեն և բազմացվել գրչությամբ։ Այդ ընթացքում թարգմանվել են նաև փիլիսոփայական, ժամանակագրական, բնագիտական և այլ բնույթի երկեր։
Հայ գրերի ուսուցման շրջագայությունները
Տառերի գյուտից հետո Մաշտոցը իր օգնականների հետ շրջագայել է Հայաստանում, հավաքագրել աշակերտներ, հիմնել դպրոցներ, ինքը տվել հայերենի դասավանդման առաջին օրինակը, հիմնադրել վանքեր, որոնք դարձել են ուսման, գրչության ու գիտության կենտրոն և օրինակ հետագա դարերում նորերը հիմնելու։
Առաջին երեք շրջագայությունները Մաշտոցը կատարել է Արևելյան Հայաստանում, չորրորդը Արևմտյան Հայաստանում։ Այստեղ Անատոլիս կուսակահը, Մաշտոցին պատիվներով ընդունելուց հետո, նրա մտադրությունները հայտնել է Բյուզանդիայի Թեոդոս 2 կայսրին։ Սա Մաշտոցին շնորհել է Ակումիտ (տքնող, արթուն հսկող) պատվավոր տիտղոսը, սակայն զրկել գործունեության իրավունքից և Մաշտոցը օգնականների մի մասին թողնելով Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքաում, մնացածների հետ մեկնել է Կոստանդնոպոլիս, բանակցել կայսրի հետ, ստացել հայ երեխաներին մայրենի լեզվով կրթելու և հայ հոգևորականների դասեր հաստատլեու կայսերագիր իրավունքը։ Վերադառնալով Արևմտյան Հայաստան այստեղ նույնպես հիմնել է հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ։
Ըստ Կորյունի Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։ (Մովսես Խորենացի Պատմություն Հայոց 1968)։
Արևելյան Հայաստանում կատարած իր մի այլ (հինգերորդ) շրջագայության ժամանակ Մաշտոցն այցելել է Բուն Աղվանք (Կուր գետի ձախ ափին), ամենաբազմամարդ ցեղի գարգարացիների լեզվի համար տեղացի Բենիամին երեցի օգնությամբ ստեղծել տառեր («Նշանագրեր ստեղծեց գարգարացիների լեզվի համար» Խորենացի նույն տեղում), հիմնել դպրոցներ, սկիզբ դնել թարգմանչաց գործին։
Մաշտոցի և նրա աշակերտների գործունեությունըՀայերեն տառերով առաջին նախադասությունը գրեց Մեսրոպ Մաշտոցը՝431 թ. Մաշտոցի աշակերտներ Ղևոնդ Վանանդենցին, Կորյունը, Եզնիկ Կողբացին և Հովսեփ Պաղնացին Կոստանդնոպոլսից բերել են Աստվածաշնչի Յոթանասնից կոչվող հունարեն կանոնները և այլ գրականություն։ Սկիզբ է առել Աստվածաշնչի նախնական շտապ (փութանակի) կոչվող թարգմանության համեմատական խմբագրումը, չեղած հատվածների թարգմանումը, որով ստեղծվել է Աստվածաշնչի հայտնի Սահակ-Մեսրոպյան հայերեն թարգմանական բնագիրը։ Շարունակելով թարգմանական և խմբագրական աշխատանքը Մաշտոցը և Սահակ Պարթևը կազմել են հայ եկեղեցու Պատարագամատույցի, Ծիսարանի («Մաշտոցի»), ժամագրքի նախնական տարբերակները։ Մաշտոցը գրել է քարոզներ, ճառեր,
Հայերեն տառերով առաջին նախադասությունը գրեց Մեսրոպ Մաշտոցը՝
"Ճանաչել իմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ"("Ճանաչել իմաստություն ու խրատ, իմանալ հանճարի խոսքերը"): |
Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց, Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ: Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ, Թագաւոր խաղաղութեան, ոգնեա ինձ: Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ, Նաւապետ բարի, փրկեա զիս: | Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ. Մրրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ. Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւեն: Ի համբառնալ իմում առ քեզ զաչս իմ` օգնեա ինձ, տէր: Ի յօրհնութիւն նոր օրհնեսցուք զքեզ, Քրիստոս փրկիչ մեր: Այցելու մեր և փրկիչ, կեցո զանձինըս մեր: | Մեղայ Տէր, բազումողորմ Աստուած, Մեղայ, ողորմեա: Մեղայ Տէր, և անկանիմ առաջի Քո, Մեղայ, ողորմեա: Մեղայ Տէր, խոստովանիմ զյանցանս իմ, Մեղայ, ողորմեա: | Ընդ առաւօտս կանխեցից՝ Յանդիման լինել քեզ, Թագաւոր իմ և աստուած իմ: Ընդ առաւօտս լուիցես Ձայնի իմում, տէր. Թագաւոր իմ և աստուած իմ: |