Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Геворг Эмин

Геворг Эмин   / Գևորգ Էմին  
(Սեպտեմբեր 30, 1919 – Հունիս 11, 1998) - հայ գրող, բանաստեղծ։ Ծնվել է Աշտարակ գյուղում, ուսուցչի և այգեպանի ընտանիքում: 1940-ին ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետը: 1942-1944-ին ծառայել է խորհրդային բանակում: 1949-1950-ին սովորել է Մոսկվայի գրական ինստիտուտին կից հայ գրողների ստուդիայում, 1954-56-ին` ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացներում: 1951-54-ին եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, 1968-72-ին` «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիրը:


ՄԱՅՐԸ և ՈՐԴԻՆ


Սգավոր մի կին, կասկածը սրտում,
Գնում է՝ որդու բախտը բա՜ց անի,
Իմանա, թե ի՞նչ պատահեց որդուն. –
Մոռա՞ց է արդյոք,
Կորա՞ծ,
Կենդանի՞…
Մի խիզախ տղա, ցասումը սրտում,
Կռվով աշխարհի բա՜խտն է բաց անում,
Որ էլ ո՛չ մի մայր չսգա որդուն,
Եվ ոչ մի որդի չընկնի՛ աշխարհում…
Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.
Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա…
Հե՜յ, ոտքի՛ ելեք, ոսոխը վայրի,
Իր թաթն Իլյիչի դամբանին պարզած,
Ցրե՜լ է ուզում ուղեղն այս դարի,
Ջարդել՝ Կրեմլի զա՛նգը սրբազան:
Հե՜յ, ոտքի՛ ելեք, մի վերջին անգամ
Կորու՜ստն եմ զգում ես Աբովյանի,
Մեր հողն է խուժել տևտոնն անզգամ,
Որ Սուրբ Մաշտոցի նշխարքը տանի:
Որ ավերի՛ ու ջնջի՛ վերստին
Հին երկիրը մեր՝ նորացած խանդով.
Եվ, կիսատ երգի տողերը շուրթին,
Ընկնե՜ն Վարուժանն ու Սիամանթոն:
Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.
Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա…
գիտե՞ս, թե ո՛վ է գալիս, մայրի՛կ,
գիտե՞ս, թե ո՛վ է ելել մեր դեմ,
Ո՛վ է վերստին մեր աշխարհին
Բերում արհավի՜րք, մահ ու հրդեհ… -
Նա՛, ով եղբորը քո նշանված,
Տասնչորս թվին տարավ գերի,
Նա՛, ով Էնվերին "քը՜ս- քը՜ս” տված,
Ուզում էր հայոց հողն ավերի՛…
Ով, յանիչարի ձեռքերով չար,
Արյան ծո՜վ արեց հողը հայոց.
Շիրմաքա՛ր արեց ամեն մի քար,
"Վայոց ձո՜ր” - ամեն ձո՛րը հայոց…
… Մոռացե՞լ ես՝ ջա՛րդն անապատում,
Մոռացե՞լ ես դու Տեր- Զո՛րը սև…
Էլ ինչու՞, մայրի՛կ, լալի՜ս ես դու,
Որ կռի՛վ գնաց որդիդ կըրտսեր…


ԵՍ ՀԱՅ ԵՄ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Իմ մատների հետքն է կրում կողի վրա,
Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով տաշված,
Եվ միացած հողին շաղախով իմ արյան,
Արարատյան դաշտում մեհյանի վեմ դարձավ:

Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ
Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական,
Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ,
Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար:

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս Արարատյան,
Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ,
Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար
Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել


Մահը մի՛շտ հիշիր

Մահը մի՛շտ հիշիր,
Բայց հիշիր ո՛չ թե լացելու համար.
Այլ,- որ իմանաս,-
Թե դեռ ինչքա՜ն է մնում... ծիծաղել,
Եվ... ուրախանա՛ս.
Մահը մի՛շտ հիշիր,
Ո՛չ թե անիմաստ կարծելու համար
Անելի՛քը քո,
Այլ շտապելու՝
Քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո...
Եվ մի՛ թրեւի
Անգործ ու անբան,
Այն սենյակներում, որ... քո՜նն ես կարծում.
Վաղը, Նրանցից փոքրում, կամ մեծում,
Դո՛ւ էլ կպառկես... սեղանի վրա,
Նոփ-նոր դագաղում,-
Որ... Փոշի՜ դառնաս,
Եվ հիշվես միայն
Մահազդերի մե՛ջ,
Խոսքո՛ւմ ու ճառո՛ւմ...
Մահը մի՛շտ հիշիր,
Որ հիշես՝ ինչո՛ւ
Եվ ի՛նչ ես ուզում անել աշխարհում...


ՀԱՅՐԵՆԱԾԱՂԻԿԸ


Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս,
Հայաստանից մի ծաղիկ է տարել.
Ջրել արցունքով՝ ամեն լացելիս
Եվ վերադարձի հույսով փայփաել.
Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած,
Ձգտում է դեպի երկինք ու արև.
Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած,
Նաել է դեպի երկիրն իր քարե.
Եվ ուղել է իր գլուխը տրտում,
Միայն հայրենի հողում քարքարոտ...
...Այդ ծաղիկը կա ամենքի սրտում
Եվ կոչվում ե նա... հայրենի կարոտ:

Պատուհանիս տակ


Պատուհանիս տակ անձրև է մաղում,
Իսկ ես չե՜մ հուզվում անձրևից արդեն.

Ծիածաննե՛ր են դեմից ծիծաղում,
Բայց չե՜ն հմայում նրանք ինձ արդեն.

Շուտով գուցե և արև՛ը ծագի,
Բայց ես դրանից չե՜մ ուրախանում.


Լի՞ օր է այսօր, տո՞ն, թե՞ կիրակի՝
Մե՜կ է ինձ համար, ես չե՜մ իմանում.

Ու՞մ համար եմ ես այս երգը … հինում,
Կա՞ մեկը, որին մա պե՛տք է գալու…

Մեր տան առաջ ճամփա՛ են շինում,
Իսկ ես… տեղ չունե՜մ արդեն գնալու:


ՄԵՆՔ


Եւ ի՞նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Եթե ծուռ նստենք, բայց խոսենք շիտակ.
Եթե նավ՝ ապա չոր ժայռի վրա,
Եթե գավ՝ ապա արցունքով լեցուն,
Եթե հող՝ապա քարացած ահից,
Եթե քար՝ապա ճչացող ցավից,
Հզոր մի ոգի, որ չունե՜ր մարմին,
Եզակի որակ՝առանց քանակի,
Քաջարի սպա՝ առանց բանակի,
Պաշտամունք՝հնի ու ավերակի...

Եւ ի՞նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Թե շիտակ նստած՝ծու՜ւռ խոսենք անգամ,---
Զբոսաշրջի՜կ իր հայրենիքում,
Հյուր՝իր սեփական օջախ ու յարկում.
Գետ, որի լոկ մի ափին ենք նայում,
Լեռ, որ հեռվի´ց է միայն երևում,
Անժողովուրդ հո´ղ,
Անհող ժողովո´ւրդ
Եւ ցրված հուլունք, Որ չէր ժողովվում:


Մենք խո´ւլ ենք կիսով.
Ամեն մի նոր ձայն թեև շուտ լսում,
Բայց անկարո՜ղ ենք ետևից գնալ.
Մեր ականջներում
Հայոց պատմութեան քաո՜´սն է խշշում՝
Փնտռելով խոսքեր դառնալու հնար:

Մենք կա´ղ ենք կիսով,
Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝
Սուրիո ավազին,
Փարիզի մայթին,
Նեղոսի ափին,...
Մեր մյուս ոտքը
Խրված է Մասիս լերան ձյունի մէջ,
Եւ մենք չե՜նք քայլում,
Մենք տեղ չե՜նք հասնում՝
Գծում ենք միայն
Մեր պանդխտության շրջագիծն անել՝
Մասիսի շո՜ւրջ ենք պտըտվում անվերջ...

Մենք կույր ենք կիսով.
Միշտ թաց է եղել մեր աչքն արցունքից,
Եւ աղո՜տ ենք մենք տեսնում,
Անկատա´ր.
Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն,
Ստիպել են զենք բռնել մյուսով՝
Պատերա՜զմ էր մեր հողում անդադար:

Մենք հա´մր ենք կիսով.
Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,
Մեր մտածածը չասելու համար,...

Որ չուրախանա´նք մեր ուրախությամբ,
Չհպարտանանք մեր հպարտությամբ
Ու... չսգանք մեր զոհերն անհամար:

Արայի պես ենք մենք սիրահարվում.
Մեզ թվում է միշտ,
Թե սիրով տարված՝մեր հողն ենք լքում
Եւ...վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից.

Կես ուղեղո´վ ենք աշխարհն ընկալում՝
Մթագնե՜լ է կեսն
Անեծքի՜ց,
Ցավի´ց...

Մենք կես,
Կես ենք մենք,
Չլինէինք կես՝
Հայ կը լինէինք,
Եւ ոչ թուրքահայ,
Կամ ֆրանսահայ.
Կամ Արաբահայ,
(Իսկ վաղն աստղահայ
Եւ կամ լուսնահայ...)

Կես ենք,
Երկճեղքված,
Կիսված,
Երկգագաթ
Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լերան նման...
Բայց վկա ճեղքված Մասիս լեռը մեր,
Վկայ մեր կեսը մորթված Տէր Զորում
Եւ այն կեսը,
Որ ես եմ,
Դո´ւ և նա´,
Մենք կմիանանք
Մենք կամբողջանանք,
Կգտնենք մի օր
Լրիվ դառնալու հնար´ն անհրար:

Մենք փո՜քր ենք, այո´,
Փո´քր,
Լեռների ծերպից սուրացող այն քարի´ նման,
Որ դաշտում ընկած ժայռի ո´ւժն ունի.
Փո´քր,
Լեռնային մեր գետերի պէս,
Որոնք վիթխարի ո´ւժ են ամբարել,
Անծանո՜թ՝
Հովտի ծույլ-ծույլ գետերին:
Մենք փո՜քր ենք, այո,

Փո´քր ենք,
Բայց ինչպես գնդակը՝փողո´ւմ,
Ինչպես կաղնու սերմն՝արգավանդ հողում

Ոսկու մի հատի´կ,
Որ վերևի´ց է նայում
Կապարի ու թուջի քաշին.

Մենք փո՜քր ենք,
Սակայն համեմունք ենք մենք,...
Ա´ղն այն մի պտղունց,
Որ հա՜մ է տալիս մի ամբողջ ճաշի...

Մենք փո՜քր ենք, այո´,
Ձեզ ո՞վ էր ասում,
Մեզ սեղմե´ք այնքան,
Որ մենք ստիպված...ադամա՜նդ դառնանք.

Ո՞վ էր ստիպում՝
Մեզ աստղերի պէս ցիրուցա՜ն անէք,
Որ միշտ մե´զ տեսնէք՝
Ուր էլ որ գնաք...

Մենք փոքր ենք,
Սակայն մեր երկրի նման,
Որի սահմանը
Բյուրականից մինչ Լուսի´ն է հասնում,
Եւ Լուսավանից մինչև Ուրարտո´ւ...

Փո´քր,
Այն հրա՜շք ուրանի նման,
Որ դար ու դարեր
Փայլո՜ւմ է,
Շողո՜ւմ,
Սակայն չի՜ հատնում...

Խոսիր, Հայաստան


Խոսի՜ր, Հայաստան.
Դո´ւ, որ դարերի տանջանք ես տեսել
Եւ տարիների խնդություն միայն,
Ասա´ քո պատգամն ու խոսքը վսեմ
Աշխարհներին ու ազգերին համայն...

Տե´ս, աղավնի՜ն է
Թառել քո նորոգ հարկի ձեղունին,
Որին դարերով երազե՜լ ես դու...
Վստահի՜ր խոսել քո ժողովրդի´
Եւ քո´ անունից՝
Բանաստեղծ որդո՜ւդ...

Լսու՞մ ես,
Երեկ իմ ընկերները Կարմիր բլուրում
Մի բուռ ոսկեհատ ցորե՜ն են պեղել,
Որ ցանել են մեր նախնիները հայ՝
Դեռ Ուրարտույում,
Քրտինքո՜վ ջրած հո´ղն այս ժայռեղեն:

Սակայն նու´յն օրը,
Իմ ընկերներն, այդ ցորենի կողքին,
Գտել են նաև պղնձե նիզա´կ՝
Ի ցույց այն բանի´,
Որ ծնված օրից հայ սերմնացանը,
Սերմը՝ մի ձեռքին,
Մյուսով զե´նք է բռնել,
Որ ցանած արտը պաշտպանի...

Ոչ ոք չի՜ ասի՝
Այդ ցորենի բերքը ինչքա՜ն է եղել,
Ոչ ոք չի՜ ասի՝
Ինչքա՜ն էր թիվը հայ ժողովրդի...
Մի բուռ ցորե՜ն են
Կարմիր բլուրի հին բերդում պեղել,
Եւ մի բուռ հա՜յ է
Հասել Հարության այս առավոտին...

Բայց այդ ցորենի հատիկը ամեն՝ ցա՜նք է մի հսկա,
Ամեն հայ՝ ամուր սեղմած զսպանա´կ.
Եւ այս,
Մեզ հասած մի բուռ ժողովո´ւրդն
Ու սե՜րմը վկա,---
Իր կորցրածը նա ե՜տ կստանա...



Аудиоплеер

Календарь

«  Декабрь 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Друзья сайта

Поиск

Copyright MyCorp © 2024 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика