Խաչատուր Ավետիքի Աբովյան (1809, հոկտեմբերի 15 - անհետացել է` 1848, ապրիլի 14), հայ մեծ լուսավորիչ, գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հայագետ, հայ նոր գրականության ու մանկավարժության հիմնադիր:
Կյանքը
Ծնվել է հոկտեմբերի 15-ին, Քանաքեռ գյուղում (այժմ Երևանի կազմում): Նախնական կրթությունն ստացել է Էջմիածնի վանական դպրոցում (1819-1822), ապա 1824-1826-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ աշակերտել է Պ. Ղարադաղցուն, Հարություն Ալամդարյանին:
1827-1828-ին ուսուցչություն է արել Հաղպատի և Սանահինի վանական դպրոցներում, 1829-1930-ին
Էջմիածնում եղել է կաթողիկոսի և սինոդի թարգմանիչ ու քարտուղար: 1829-ի
հոկտեմբերի 9-ին Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտի
արշավախմբի հետ Աբովյանը բարձրացել է Արարատ լեռան գագաթը և այդ
«սրբապղծության» համար հալածվել հոգևորականների կողմից: Պարրոտի
աջակցությամբ, 1830-1835-ին
(պետական թոշակով) ուսանելել է Դորպատի համալսարանում, հատուկ ծրագրով
պատրաստվել ուսուցչական գործունեության: Ուսումնասիրել է բնական և
հասարակական գիտություններ, լեզուներ (գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն), եվրոպական գրականություն, փիլիսոփայություն, երաժշտություն, արհեստներ: 1837-1943-ին
աշխատել է Թիֆլիսում իբրև գավառական դպրոցի տեսուչ: Նույնպիսի պաշտոնով
1843-ին աշխատել է Երևանում: 1848-ի մարտին նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան
դպրոցի տեսուչ: 1848-ի ապրիլի 2 (14)-ին անհայտացել է: Աբովյանի վախճանի
հանգամանքները վերջնականապես պարզված չեն:
Գործը
Մեծ է Աբովյանի դերը հայ հասարակական կյանքի առաջընթացում: Նրա
լուսավորչական գործունեությունը պայծառ էջեր բացեց հայ մանկավարժության
պատմության մեջ: Հայ նոր գրականության հիմնադրի «Վերք Հայաստանի» վեպը
մայր ժողովրդի գեղարվեստական աշխարհըմբռնման անզուգական վկայագիրն է: Նա
գտնվում էր նաև իր ազգի քաղաքական կողմնորոշման կարևոր դիտակետում:
Աբովյանը գրապայքարում աշխարհաբար գրական լեզվի դատը պաշտպանող առաջամարտիկն էր: Նոր լեզվի գործադրման նրա փորձերը փայլուն արդյունքներ տվեցին. Աբովյանը խոսեց մի հրեղեն ու անկրկնելի աշխարհաբարով` «հարիր հազարի» անունից:
Աբովյանը թողել է գրական հարուստ ժառանգություն` հայերեն, ռուսերեն, գերմաներեն: Առաջին բանաստեղծությունները (գրաբար)
արտացոլել են Աբովյանի ռոմանտիկ աշխարհընկալումը («Կարօտութիւն նախնի
վայելչութեանց հայրենեաց իմոց», 1824, «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց»,
1824): 1920-ական թվականներին գրել է սիրո և կարոտի տաղեր:
Նրան մտատանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, երազանքի և
աններդաշնակ իրականության հակադրությունները («Զգացմունք ցաւալի սրտիս...»,
«Զի՞նչ այս դառն հարուած...», «Գարուն», «Սէր առ հայերնիս», 1831-35):
Գրել է առակներ, պատմվածքներ, ուղեգրություններ, ճամփորդական խորհրդածություններ («Պարապ վախտի խաղալիք», 1838-41, «Թուրքի ախչիկը», «Նոր վերելք Արարատի գագաթը», 1847):
Հայ նոր գրականության մեջ շրջադարձային եղավ Աբովյանի «Վերք Հայաստանի» (1841, հրատարակվել է 1858-ին) պատմավեպը:
Այն առաջին հայ վեպն է, որով էլ սկզբնավորվել է հայկական ռոմանտիզմը:
Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակը Պարսկաստանի ու Թուրքիայի
տիրապետության օրոք, նրա ազգային-ազատագրական պայքարը և Արևելյան Հայաստանի
միացումը Ռուսաստանին: Աբովյանը ցույց է տվել հայ ժողովրդի պատմական
ճակատագրի ողբերգությունը, հայրենիքի վերածնության հույսը կապել ազգային
համախմբման, կրթության ու լուսավորության տարածման հետ:
Աբովյանը ազգապահպան կարևոր գործոն է համարել լեզուն և հավատը, ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձրել է գրական լեզու:
Աբովյանը առաջ է քաշել ընդհանուր գրագիտության խնդիրը, մարդու բարոյական
կատարելագործման ուղին տեսել գեղեցիկ արվեստների ու լուսավորության
տարածման մեջ:
Աբովյանի ստեղծագործություններն արժեքավոր ներդրում են հայ նոր
պատմագրության մեջ («Մեկ երկու խոսք էլ հայոց վրա», «Ուղևորություն դեպի
Անիի ավերակները»): Ըստ նրա` պատմական անցյալը պետք է դառնա ազատագրական
պայքարի արդիական հարցերը լուծելու ազդակ:
Անվանի հայագետի լեզվաբանական
գործունեությունը լայն ընդգրկումներ ուներ. տեսական լեզվաբանության
հարցեր, լեզվի գործնական ուսուցում, դասագրքերի մշակում, պատրաստում, լեզվի
ավանդման մեթոդիկա, հայերենի մեթոդիկա, հայերենի պատմություն, համեմատական քերականության
հարցեր և այլն: Իր կարևոր դրույթների զգալի մասը նա ներկայացրել է
հռչակավոր «Նախաշավիղում» (երկու մասով) և նրա առաջին մասին կցված
հավելվածում: Այս աշխատության առաջին մասը, որը տպագրվել է հեղինակի
կենդանության օրոք, ընդգրկում է քերականական նախագիտելիքներ, ընթերցանության նյութ` աշխարհաբար լեզվով: Երկրորդ մասը, որը լույս է տեսել 1950-ին հեղինակի երկերի 5-րդ հատորում, նվիրված է գրաբարի քերականությանը (աշխարհաբար լեզվով)` աշխարհաբարի քերականական ձևերի զուգորդմամբ: Աբովյանը կազմել է նաև ռուսաց լեզվի ձեռնարկ («Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց», 1838-1839):
Այստեղ նա մասնակիորեն կիրառել է պատմահամեմատական մեթոդը և որոշակի
փաստարկումներով աշխատել է հաստատել հայերենի ցեղակցությունը ռուսերենի, գերմաներենի ու ֆրանսերենի հետ:
Աբովյանի մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են Ժան-Ժակ Ռուսոյի,
Յո. Պեստալոցիի, Ֆրանկեի հայացքների ազդեցությամբ: Նրա մանկավարժական
հայացքներն ու սկզբունքները մարմնավորված են «Նախաշաւիղ»-ում, «Պատմութիւն
Տիգրանի կամ Բարոյական խրատներ մանուկների համար» վեպում (1840-ական թթ.):
Աբովյանը սկզբնավորել է հայ ազգագրությունը («Գիւղական տների
կառուցուածքը», 1835, «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կեանքի...», 1840),
բանագիտությունը, հիմք դրել քրդագիտությանը Հայաստանում («Քրդեր»,
«Եզդիներ», 1846):
Թարգմանել է Հոմերոսի, Գյոթեի, Ֆ. Շիլլերի, Ն. Կարամզինի երկերից:
Մեծ էր Աբովյանի սերը հայ ժողովրդի, նրա մշակույթի ու լեզվի` հարազատ մայրենիի նկատմամբ:
Ի հիշատակ Խաչատուր Աբովյանի
ՀՀ-ում Աբովյանի անունով կոչվել են քաղաք, պուրակներ, փողոցներ, դպրոց,
մեդալ, մրցանակ, կրթաթոշակ, համալսարան (ՀՊՄՀ): Աբովյանի արձանը կանգնեցված
է Երևանում և Քանաքեռում, որտեղ և գտնվում է նրա տուն-թանգարանը:
Վաթան
Ա՜խ վաթան, վաթան՝ քո հողին ղուրբան,
Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան,
Է՞ս փառքն ունէիր, է՞ս պատիւն առաջ,
Որ հիմիկ աւրւել, մնացել ես անջան։
Ե՞րբ միտք կանէի՝ թէ էս հողերը,
Էս դաշտն ու սարերն, էս սուրբ ձորերը,
Էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր
Քաշել են, մնացել, ա՜խ հիմիկ անտէր։
Հող ունենք՝ խլած, կեանք ունենք՝ մեռած,
Ա՜խ, ջրի, կրակի մենք եսիր դառած,
Ոչ երկինքն տեսնի մեր սուգն ու լացը,
Ոչ երկիրը պատռւի մեզ տանի ցածը։
Ա՜խ, մեր սիրտն էնպէս ընչի՞ հովացել,
Արինը ցամքել, մեր կուռը թուլացել,
Եարաբ, կը տեսնե՞մ, ա՜խ, ես մէկ օր էլ
Մեր սուրբ երկիրը թշնամուց ազատել։
Էն ի՞նչ շունչ կըլի, որ էս նոր հոգին
Փըչի վեր կացնի քնից մեր ազգին.
Էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին
Էլ ետ սիրտ տայ ու կանգնեցի կրկին։
ՊԱՐԱՊ ՄԱՐԴՈՒ ՏԱՆՈՒ ՄԻՏՔ
Ով չուզենա, իր պարկի բերանը փակի, թող պառկի:
Շինեց ու սազացրեց
Շատ անգամ պարապ ժամանակս միտք էի անում, էնպես մեկ բան գրեմ, որ մեր խալխի սրտովն ըլի, բայց չէի գիտում թե ինչ լեզվով գրեմ: Մեր գրաբար լեզուն անգին է, նմանը չունի, ինչքան լեզու էլ որ գիտեմ, մեկն էլա էն համը, էն քաղցրությունը, էն ճոխությունը չունի. բայց մեր վատ բախտիցը հազարիցը մեկը չի հասկանում, ինչ պետք է արած: Երանի Էն սհաթին, որ մեր ազգը քիչ քիչ կարողանա էս կորած գանձը գտնիլ, ու իր լեզուն սովորիլ, իմանալ: Բայց ով չի գիտի, որ սրան շատ ժամանակ կուզի. ու մինչև էն ժամանակը մնալ, ո՞վ գիտի, մարդ սա՞ղ կմնա, թե չէ:
Էս մտածելով ուզում էի, որ գրած բանս ամեն մարդ հասկանա, ու Էնդուր համար աշխարհաբար գրեցի: Թող գիտուն մարդիքը ինձանից չնեղանան, նրանք շատ գիրք են կարդում, իրենց սիրտը մխիթարում. Ամա հասարակ մարդը մեկն էլա չունի, որ նա էլ նրանով իր պարապ վախտը՝ ժամանակն անցկացնի:
Շատ մարդ է գանգատ անում, թե մեր խալխը գիրք կարդալ, ուսումն չի սիրում. ախր ի՞նչպես սիրի մարդ, որ զորությունը չի հասկանում: Կարելի է, ես սխալվում եմ, բայց բնական է, մարդ միշտ էն բանը կսիրի, որ իր սրտովն ըլի: Եվրոպացոց մուզիկեն շատ հիանալի է, խոսք չունիմ, ամա մեր սազն ու զուռնեն մեր ականջին ավելի ա դիր գալիս, չունքի Էրեխությունից Էնդուր ենք սովոր:
Շատ բաներ Էսպես գրել, հազիր էի արել աշխարհաբար, բայց էլի սիրտ չէի անում, որ լիս քցեմ: Վախենում էի, թե ժամանակս, փողս կորչի, գիրքս էլ մեկ տեղ թոզումը վեր ընկած մնա, փթի: Բարեկամ մարդիք որ վախտ վախտ տեսան, խորհուրդ տվին ինձ, թե շատ Լավ կըլի, որ տպիլ տամ: Իրավ՝ թե որ մուրազս տեղ հասնի ու գրածս ազգին դիր գա, որքան բախտավոր կըլիմ: Էն ժամանակը ջանք կանեմ, որ դհա լավ բան գրեմ, թող էս առաջին էսպես ըլի:
Կարդացողը ինքն էլ լավ կիմանա, որ էս գրած բաները ավելի ուրախության համար են, էն պաաճաոավ բոլորը մեր խալխի խոսացած բաներն եմ հավաքել. թարգմանածներս էլ՝ էնպես եմ դուս բերել, որ մեր խալխի սրտովն ըլի: Բայաթիքը էն մտքով եմ գրել, որ չունքի մեջլսում, հացի վրա թուրքեվար են էսպես բաներ ասում. լավ հայը հայեվար ասի, որ քիչ քիչ լեզուն քաղցրանա, չունքի ոչինչ բան լեզուն Էնքան չի քաղցրացնիլ, որքան խաղ ու տաղը: Հույս ունիմ, որ ուրիշ մարդիք դհա լավը շինեն: Աղասու մեկ քանի խաղը, որ Էստեղ մեջ եմ բերել կարելի է՝ թե շատ մարդ չիմանա, թե նա ո՞վ էր: Աղասին մեկ ջահել ռաշիդ քանաքռցի հայ էր: Ղզլբաշի ժամանակին սովորություն կար, որ աղջիկ Էին քաշում: Մեկ օր Էսպես աղչիկ քաշելիս՝ կտրիճ Աղասին դուս Էկավ, մեկ երկու թուրքի սպանեց ու փախավ Փամբակ: Խղճի հորնըմորը Երևանու բերդումը չորացրին. Ինքն էլ՝ Ռուսը որ Երևան առավ, գնաց, որ հորն ազատի, իրան էլ հոր վրա տվին, սպանեցին: էս խաղերը էն փախած ժամանակն է ասել: Սրա պատմությունը շատ երկար է, որ գրած մոտիս հազիր ունիմ ու նրանով կարելի է իմանալ էն ժամանակվա մեր աշխարքի հալը: Գրքի անունն ա Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի: էնպես էլ շատ զվարճալի պատմություններ աշխարհաբար գրած՝ մոտիս հազիր ունիմ: Ո՞վ գիտի բալքի թե մեկ աստվածասեր մարդ իր հոգու խաթեր տպիլ տալ: Ես չկարացի բոլորը ի միասին գրել, չունքի խարջը շատ կըլեր:
Թե գիտուն, խելոք մարդիք ինձ պախարակեն, դու էլա ինձ պահիր՝ սիրելի ազգ, չունքի իմ ուզածս էն ա, որ քեզ ծառայեմ, քեզ իմ կյանքս տամ, քանի շունչս բերնումս ա: