ԱԶԳՈՒՐԱՑԸ
Ով յուր ազգը ուրանա,
Երկու աչքով կուրանա.
Հետնյալ աղքատի նման,
Դռնեիդուռ մուրանա։
Կշտին դիպչի գեղարդը,
Սրտիցը թափի լյարդը,
Դժոխքի բռնցկելիք
Լինի ազգուրաց մարդը։
Կեղծ ու պատիր հնչողին,
Կատվի պես մռնչողին,
Աստված աշխարհից ջնջե
Հայ անունը ջնջողին։
Հայը որբ ժողովուրդ է,
Օտարաց մեջ խառնուրդ է,
Ազգուրաց, աստվածուրաց -
Երկուսը մեկ խորհուրդ է։
Երբ որ հայը գումարվի,
Նրան չի հավասարվի,
Հայերեն չգիտեցողը
Կիսատ հայ կհամարվի։
Ազգուրացը անմիտ է,
Յուր ազգին ծուռ կդիտե,
Բթամիտ շահասերը
Ազգությունը ի՞նչ գիտե։
Որոնե Հայաստանը,
Հայրենիքիդ նշանը.
Ինչպես հայ ծնար մորից,
Հայ մտիր գերեզմանը։
Ով դու, հայ մարդ, զորացիր,
Լուսնի նման նորացիր,
Ոչ այլազգին անարգե,
Ոչ քու ազգդ ուրացիր։
Ինքնիշխան անձիդ սիրե,
Կյանքդ նրան նվիրե,
Քրիստոսից ավանդած
Հայի կրոնն էլ սիրե։
Աստված տվեց նմանը,
Ամենին յուր արժանը,
Ազգուրացը Վասակն է,
Ազգասերը՝ Վարդանը։
Թե կհիշվի Վասակը,
Բայց վատ է նպատակը,
Պիտի խոսվի միշտ բարի
Վարդանա հիշատակը։
.....................................
.....................................
Ահա երկու ճանապարհ,
Որին կուզես հետի։
ՕՏԱՐԱԿԱՆԻ ԵՐԳԸ
Օտարության մեջը զուր անցավ ջանքս,
Կարոտդ քաշելով մաշեցի կյանքս,
Կրկին դեպի քեզ է սիրտս, բաղձանքս.
Ա՜խ իմ երկիր, անուշ երկիր հայրական,
Պապիս, մամիս, նախնիքներուս օթան։
Ծննդավայր, երբ քեզանից հեռացա,
Կարծես դրախտից դժոխքը ընկա,
Համդ ու արժեքդ ես նոր իմացա.
Ա՜խ իմ երկիր, անուշ երկիր հայրական,
Պապիս, մամիս, նախնիքներուս օթան։
Տկարներուն թե չճնշե հզորը,
Կարելի՞ է որդին մոռանա հորը,
Մանավանդ քեզ նման հարազատ մորը.
Ա՜խ իմ երկիր, անուշ երկիր հայրական,
Պապիս, մամիս, նախնիքներուս օթան։
Օտարության հացը ասացին մեծկակ,
Բայց գնացի, տեսա փոքր նկանակ,
Դառնահամ, անաճուն, սպառող քսակ,
Ա՜խ, իմ երկիր, անուշ երկիր հայրական,
Պապիս, մամիս, նախնիքներուս օթան։
* * *
ՍԱՍՈՒՆԱՍԱՐ
Առանց վախի, առանց ահի
Քաջերու տուն, Սասունարար,
Քեզնից հրդեհ կպատահի,
Կրակի բուն, Սասունասար:
Այնպես դիրք բռնվեց Հովնանը,
Որ սաստեց Արաբիստանը,
Քեզ չհաղթեց Չինգիզ խանը,
Կեցար կանգուն, Սասունասար:
Հայաստանը նորեն կանչեց,
Թշնամին տեսավ` ամաչեց,
Եւրոպան քեզի Ճանաչեց,
Առար անուն, Սասունասար:
Վերցավ խավար գիշերը,
Վառվեց երկնային լապտերը,
Կսպասեն բոլոր հայերը,
Քեզնից գարուն, Սասունասար:
* * *
ՔԱՋ ՎԱՐԴԱՆ
Ավարայրի դաշտը ներկեց արյունդ,
Կարմիր Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան.
Ազգե-ազգ կհիշվի անմահ անունդ՝
Կարմիր Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան,
Խորտակեցիր ծանր լուծը պարսկական:
Մեռար` թողիր անմահ անուն հիշատակ,
Քո գործքերով դարձար բարի օրինակ.
Դու սուրբ գործի համար եղար նահատակ.
Անմահ Վարդան, հզոր Վարդան, քաջՎարդան,
Խորտակեցիր ծանր լուծը պարսկական։
Քեզ գրգռեց ջերմ հայրենյաց եռանդը,
Պաշտպանեցիր փրկչիդ տված ավանդը,
Դուրս վանեցիր Զրադաշտյան աղանդը,
Դու վեհ Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան.
Խորտակեցիր ծանր լուծը պարսկական։
* * *
ԵՍ ՄԵԿ ԾԱՌ ԵՄ ԾԻՐԱՆԻ
Ես մեկ ծառ եմ ծիրանի,
Հին արմատ եմ անվանի,
Պտուղներս քաղցրահամ,
Բոլոր մարդկանց պիտանի։
Հին ծառ եմ արևելյան,
Չունիմ որոշ այգեպան,
Տունկերս ամեն երկիր
Ընկած են բաժան-բաժան։
Արևելքում ինձ տնկեց,
Երբ որ աստված ստեղծեց՝
Ասաց՝ աճե, բազմացիր,
Մի այգի էլ ինձ տվեց։
Ուղարկեց մի այգեպան -
Հարավից հսկա իշխան,
Այն հսկայի անունով
Կոչվեցա ծառ հայկական։
Չորս հազար տարվա ծառ եմ,
Արմատս պինդ, կայտառ եմ,
Թեպետ ուժս պակաս է,
Բայց անունով պայծառ եմ։
* * *
ԱԶԳ ԻՄ
Ազգ իմ, որքան նկուն մնաս,
Սիրտս քեզանից չի զատվի,
Հազար տեսակ չարչարանք տաս,
Սիրտս քեզանից չի զատվի։
Քեզ չեմ մոռանա հավիտյան,
Հարազատ մայր իմ Հայաստան,
Թեկուզ դրախտն էլ ինձ տան,
Սիրտս քեզանից չի զատվի։
Քեզանով եմ ես երջանիկ,
Իմ սիրելի, իմ անուշիկ,
Ծոցիդ մեջը հանգչիմ, մայրիկ,
Սիրտս քեզանից չի զատվի։
Ջիվանին եմ քեզ բարեկամ,
Քանի ողջ եմ, ամենայն ժամ,
Հնդկաստանին էլ տեր դառնամ,
Սիրտս քեզանից չի զատվի։
* * *
ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ
Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան։
Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար,
Որպես հաճախորդ շարվե-շարան կուգան ու կերթան։
Փորձանք, հալածանք նեղություն ազգերի գլխից,
Ինչպես ճանապարհի կարավան կուգան ու կերթան,
Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը ծաղիկ,
Որքան մանուշակ, վարդ, բալասան կուգան ու կերթան։
Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան, կուգան ու կերթան,
Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան։
Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,
Անկիրթ ցեղերը թափառական, կուգան ու կերթան,
Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկ հյուր են,
Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան։
* * *
ԸՆԿԵՐ
Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը՝ մարդուն
Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն,
Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր,
Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն։
Կյանքդ, նվիրես ընկերի լավին, քիչ է դարձյալ,
Այնպես է հոգեկան լուսատու լապտերը մարդուն,
Ընկեր եմ ասում, հաստատակամ, ճշմարիտ ընկեր,
Որ բարձրացնե աստիճանը միշտ վերը մարդուն։
Թշնամիները յուր վերա գալած ժամանակը,
Կտրիճ, հարազատ ընկերն է սուսերը մարդուն,
Ով որ ունենա մտերիմ ընկեր, Ջիվան աշըղ,
Չի՛ սպիտակեր ամենին մեկ հերը մարդուն։
* * *
ՍՊԻՏԱԿ ՄԱԶԵՐ
Գույներդ փոփոխվեց, եղաք ցրտահար,
Աշնան վարդի նման, սպիտակ մազեր,
Ձեր դուրս գալու տեղը իմ հոգիս դուրս գար,
Չընկնեի այս օրվան, սպիտակ մազեր։
Կանայք երես են դարձնում ձեզանից,
Ձեր պատճառով չեն ախորժում ինձանից,
Աշխույժ երիտասարդներու շրջանից
Զրկեցիք անպիտան, սպիտակ մազեր։
Ձնոտ ամպի նման չոքեցիք գլխիս,
Արևս բռնվեց, տխրեցավ հոգիս,
Այդքան շուտով չէիք գտնի անբախտիս,
Թե լինեիք լավ բան, սպիտակ մազեր
Ջիվանու քնարին մեծ հարված տվիք,
Զեզ տեսնելով ինձ չեն կանչում հարսանիք,
Իմ գործիս ահագին վնաս հասցրիք,
Ձախորդության նշան, սպիտակ մազեր։
* * *
ՄԱՅՐԻԿ
Ջուխտակ շամամներդ դրախտ ծոցիդ մեջ,
Կաթնաղբյուր են եղել ինձ համար, մայրիկ,
Տատրակի պես շատ եմ արել ելէջ,
Կրծքիդ վրա մաքուր՝ սուրբ տաճար, մայրիկ։
Ինձ համար հոյակապ կազմդ ես մաշել,
Հրճվել, ուրախացել, վրաս ես աշել,
Մինչ մեծանալս ինչե՞ր ես քաշել,
Մնացել ես անքուն, անդադար, մայրիկ։
Փոխարենը ես քեզ ոչինչ չեմ արել,
Մոտդ չեմ մնացել, չեմ մխիթարել,
Քու սուրբ պատվերներդ ճիշտ չեմ կատարել,
Թողել եմ իղձերդ անկատար, մայրիկ։
Ջիվանին եմ, սխալմունքս զգում եմ,
Ես քու հոգուդ համար միշտ աղոթում եմ.
Ներիր քու մեղավոր որդուդ, խնդրում եմ,
Եղիր երկնքումը ինձ սատար, մայրիկ։
* * *
ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Նվեր ալեքսանդրապոլցի
Պ. Հովհաննես Խոջայանցին
Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզկում Է որս խլել, խելքի' աշեցեք,
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,
Պատերազմ է մտել, խելքի' աշեցեք։
Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան.
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի' աշեցեք։
Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք:
Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք:
Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար.
Աղվեսը հավնոցի ղռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։
Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ Է տվել, խելքի' աշեցեք:
Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չըզգալով, սպիտա'կ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի' աշեցեք:
Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,
Ուրիշի ցավերը առնելով վզին,
Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
Խենթը սև Է հագել, խելքի' աշեցեք:
Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
Էշը մեջ է ընկել, խելքի' աշեցեք:
Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։
Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով,
Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք:
Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք,
Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
Այլոց համար կանե ձայնով պատարագ,
Իրան ժամ չի անիլ, խելքի՛ աշեցեք։
Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։
Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ.
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։
Ցորենը մի անգամ լինելով տկար,
Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
Կորեկ հացը իրան կարծելով հարմար
Սեղան է բարձրացել, խելքի' աշեցեք։
Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած,
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած
Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք։
1883
* * *
ԱՇՈԻՂՆԵՐԸ
Աշուղներից ի՞նչ կսպասեք, գիտուններ,
Անգրագետ և անուսում մարդիկ են.
Նրանց դուք միք ծաղրիլ, մեծ իմաստուններ,
Նրանք էլ ջոկ տեսակ գույնի ծաղիկ են:
Աշուղի լապտերը բնական վառ է,
Նա շատ բան կտեսնի, մտքով պայծառ է,
Ինչ ժողովուրդ աշուղ չունի՝ թշվառ է,
Աշուղները ցնծության մունետիկ են։
Ուսման ծարավի են, գիտության կարոտ,
Շատի համար մութն է ցերեկը, աղոտ,
Բարձր, տաղանդավոր գրողներու մոտ
Աշուղները աշակերտ են, փոքրիկ են:
Զիվան, աշուղները ամենայն տեղ են,
Շատերու վերքերուն ու ցավին դեղ են,
Ռամիկ դասի մեջ մեկ-մեկ կանթեղ են,
Սիրելի են նրա սրտին, մոտիկ են։
1900
* * *
ԽՐԱՏ
Կյանքդ բարվոքելու աշխատիր, գիտուն,
Ինչ ես թռչունի պես միշտ մտնում թակարդ
Հարյուր տարի ապրես, թե հարյուր հիսուն,
Վերջդ մեռնելն է, ինչ մտքի ես, մարդ:
Եկ, մի ննջիր, քանի կյանքիդ գարունն է,
Հիշելի մարդ միշտ մտավոր արթունն է,
Անմահ հիշատակը բարի անունն է,
Աշխատիր գտնելու, ով երիտասարդ։
Ջիվան, բավ է շրջիս մտատանջ, մոլոր,
Օվկիանոս ծովից աշխարհն է խոր,
Որչափ հարուստ լինես, որչափ փառավոր,
Վերջդ պիտի մնաս մերկ և առանց զարդ:
* * *
ՊԱՂ ԱՂԲՅՈԻՐԻ ՄՈՏ
Պաղ աղբյուրի մոտը կանգնած մի աղջիկ,
Ձեռքին սափոր լցրած, ջուրն էր անուշիկ,
Աչք ու ունքը ղալամով քաշած, գեղեցիկ.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։
Պաղ աղբյուրի մոտը, պարտիզում նստած,
Ունեին լավ գինի, գառի խորոված.
Երգում էին, պարում էին, բոլորած.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։
Ման էր գալիս ընկերներով միասին.
Կարծես հրեդտակ էր, չէր նա հողածին.
Մազերը ոսկեգույն, ճակատը լուսին.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։
Ցերեկը անդադար նորան եմ հիշում,
Գիշերն էլ երազիս մեջըն եմ տեսնում.
Տոչորված ման կուգամ խեղճ, մոլոր, տրտում.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։
Ա՜խ, երանի այն ավուր, շատ երանի,
Տեսությանը կրկին լինեմ արժանի.
Առանց նրան ես չեմ մնար կենդանի.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան:
1883
* * *
ԿՈԻԳԱՆ ՈԻ ԿԵՐԹԱՆ
Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան.
Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար,
Որպես հաճախորդ շարվեշարան կուգան ու կերթան։
Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից
Ինչպես ճանապարհի քարավան կուգան ու կերթան,
Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը ծաղիկ,
Ո~րքան մանուշակ, վարդ բալասան կուգան ու կերթան։
Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,
Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան։
Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,
Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան.
Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը հյուր են,
Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան։
1892
* * *
ՊԻՏԻ ԳԱ՞ ԱՐԴՅՈՔ
Ոչ տեր լիներ և ոչ ծառա աշխարհում,
Այսպես երջանիկ օր պիտի գա՞ արդյոք.
Բոլոր մարդիկ կանգնած մեկ ճանապարհում
Այն սուրբ հոգին հզոր պիտի գա՞ արդյոք։
Բոլոր մարդիկ սիրեն եղբոր պես իրար,
Մեծը փոքրին շահե, անկեղծ, հայրաբար,
Լեռ, բլուր, դաշտ ու ձոր դառնան հավասար,
Հարթող գութան, արոր պիտի գա՞ արդյոք:
Ջիվանի, ոչ մի տեղ չըլինի կռիվ,
Ուղիղ սրտով պահեն մեկմեկու պատիվ.
Աշխարհի մեջ լինի մեկ հոտ, մեկ հովիվ,
Փրկիչը միամոր պիտի գա՞ արդյոք:
ՋԻՎԱՆԻ
1846 - 1909
Ջիվանի (Լևոնյան Սերոբ Ստեփանի) — հայ աշուղ, ժող. երգիչ — ծնվել
է գ. Կարծախում (այժմ՝ Ախալքալաքի շրջանում) հողագործի ընտանիքում։
Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր
աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ յուրացրել է աշուղական երգի հանրահայտ
կանոնները, սովորել նվազել քյաման և ջութակ, հորինել է հայ.
երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային (Աղաջան)։ Նրա
հետ ընկերանալով՝ Ջ. 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868-95-ին ապրել
է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։ Ալեքսանդրապոլում մեծահամբավ
աշուղներ Ջամալին, Զահրին, Մալուլր, Ղեյրաթին, Ֆիզային հոգատարությամբ
են շրջապատել նրան։
Մինչն 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում
և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում...