Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Григор Зорап
Картинка 15 из 19Գրիգոր Զոհրապ




Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը` Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը` Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։ Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870- ին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ եւ երկու որդիների` Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը` ոտանավորներ, հաջող շարադրություններ։ 1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը` Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ եւ Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։ 1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրեւ գրագիր եւ միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա եւ 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։ 1881-ին բացվում է ՙՀուգուգի՚ վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է ՙՀուգուգ՚, որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է` վկայական չստանալով։ 1884-ին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում եւ ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։ Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878-ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին եւ դառնում նրա հրատարակած ՙԼրագիր՚ օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսեւորեց իրեն իբրեւ ազգի ճակատագրով մտահոգ անհատ։ 1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից եւ արդյունավետ գործիչներից մեկը։ 1883թ. նա հրատարակում է Ասիական ընկերության ՙԵրկրագունտ՚ հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ։ 1885թ. հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը` ՙԱնհետացած սերունդ մը՚ վերնագրով։ 1887-ին վեպը տպագրում է առանձին գրքով։ 1888թ. Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ։ 1889թ. ծնվում է Զոհրապի անդրանիկ որդին՝ Լեւոնը, 1891-ին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892-ին՝ կրտսեր որդին՝ Արամը եւ 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։ 1891թ. Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում, 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։ 1892թ. Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է ՙՄասիս՚ ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893-ին հանդեսը դադարում է լույս տեսնել։ Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին եւ 1890-ականների սկզբներին։ ՙԱրեւելք՚ օրաթերում, ապա ՙՄասիս՚-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թթ.։ Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը` ՙՆարդիկ՚, նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ` ճանաչվելով իբրեւ գրող եւ հրապարակախոս։ Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երեւում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող եւ հասարակական գործիչ։ 1894-95 թվականները զարհուրելի էին արեւմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչեւ 1896 թվականը շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից եւ հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։ Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարեւոր դատավարություններով։ Պոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առեւտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում եւ ուներ Եվրոպա ազատորեն երթեւեկելու իրավունք։ 1898-ին օրաթերթի վերածված ՙՄասիսը՚ լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։ Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեց Սահմանադրությունը։ Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով։ Զոհրապն այդ ժամանակ Փարիզում էր։ Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ եւ հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում։ Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով եւ լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս։ 1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. ՙԵս Սահմանադրության փաստաբանն եմ՚։ Զոհրապը հարգված եւ երեւելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, եւ՛ թե համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։ Զոհրապը նաեւ երեսփոխան էր Ազգային ժողովի, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը եւ այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։ Հունվարին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արեւմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը , եւ համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց եւ աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։ Սակայն շուտով Զոհրապին եւս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։

Անծանոթը

Փողոցին մեջ կերթար, կարծես կը սահեր,
Հուշիկ քայլով, դանդաղ, գրեթե շփացող,
Դեմքը կազե լաչակի մեջ կը պահեր,
Պատմուճան մը ուներ հովեն ծըփացող:

Աղվո՞ր, տգե՞ղ, ինչ փույթ. բավեց որ մտքես
Մարմին մը տամ ես ուզածիս պես իրեն,
Վրդովիչ հով, պչրանք մը լուռ, վերջապես
Ամեն բաներն որոնց համար կը սիրեն:

Ու տարիներ սրտիս խորքը ջանացի
Պահել զինքը մասունքի պես, և մե՛կուն
Չըսի անոր հրապույրները կանացի
Որ գիշերներս ըրին խռոված և անքուն:

Ի՞նչպես եղավ, ո՛վ երազի ծնունդ կին,
Որ ըստուգիվ մարմին առած, խրոխտ ու վես,
Դեռ անցյալ օր թատրոնի մը հոծ մուտքին`
Չճանչցողի մը պես ամցար իմ քովես:

Զատկի առթիվ

Անկյուն մ'ունիմ սրտիս մեջ ուր՝
Կառանձնանամ ամեն ատեն,
Վերհիշումներ երբոր տըխուր
Երկրեն զիս պահ մը կանջատեն։

Հոն` կը կենամ ես ծնադիր
Ինչպես առաջքը խորանին,
Եվ ուր միայն կը ծաղկի իր
Կես սուգին մեջ եղրևանին։

Հոդ շարված են իրարու մոտ
Մութ փոսերը իմ իղձերուս,
Հիշատակներ` հիմա աղոտ,
Անուններ` զոր չըսեր լեզուս։

Խոլ տենչանքներ, թռիչք անհուն
Զոր ձեռքովըս տվի հողին,
Մեռելներ` զոր ուրիշներուն
Պես հարության հույսը չունին։


Լուսանալու դեմ


Լուսանալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր.
Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով,
Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր
Կը գծագրվի աշխարհ` տարտամ գիծերով։

Այս մութը չէ այրիին քողն, այլ աղվոր
Երևնալու համար հնարված թելը նուրբ.
Ընդնշմարել միայն տըվող շղարշը` որ
Կը ցուցընե դեմքերն ամեն գողտր ու սուրբ։

Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ
Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն.
Ինչպես կնոջ համակրությունն անբարբառ
Բացե ի բաց խոստովանած իր սերեն։


Համկերպություն


Դուն լայն ճամփեդ գընա, ա՛ղվոր,
Ես կերթամ մութ արահետես,
Երջանիկ այն համոզմամբ, որ
Սրտով գոնե ինծի հետ ես:

Ու անխռով կայքես նըսեմ
Աչքըս հառած շավղիդ, ո՛վ իմ
Դալուկ լույսըս, պիտի սպասեմ
Քեզի որչափ որ ես ապրիմ:

Մեկ խնդիրք մը միայն. վերջին
Ժամուս կուզեմ որ մոտս ըլլաս,
Եվ երբ ամենքն ինե փախչին,
Դու գեթ անուշ դեմքըդ ցույց տաս:

Եվ ամեն փառքի փոխարեն,
Միայն պատկերըդ հստակ ու ջինջ
Հետըս տանիմ այս աշխարհեն
Չը հիշելով ուրիշ ոչինչ:

Аудиоплеер

Календарь

«  Март 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Друзья сайта

Поиск

Copyright MyCorp © 2024 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика