Армянский.ру
Вы вошли как Гость | Группа "Гости"Приветствую Вас Гость



Мхитар Гош / Մխիթար Գոշ

Мхитар Гош / Մխիթար Գոշ



Մխիթար Գոշ
(1120–ական թթ, գ. Գանձակ, այժմ՝ Գյանջա, Ադրբեջան – 1213, Նոր Գետիկ, այժմ՝ Գոշ գյուղ, Հայաստան) ― հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ, հասարակական գործիչ։
Մխիթար Գոշի առականերով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։
Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։
ովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մ. Գոշը գնացել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը, ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, ապա տեղափոխվել է Խաչեն, այստեղից էլ՝ Գետակի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում կառուցել Նորգետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։ 1196-1198 գնացել է Երուսաղեմ ուխտագնացության։
Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նորգետիկ վանքը վերանվանվել է Գոշավանք (Գոշի վանք)։ Վանաձոր քաղաքում գործում է Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարան։

Մատենագրությունները

Մ. Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարքհայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։
Ուշագրավ են «Յայտարարութիւն»–ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովածուների քաղ. համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից»–ը, միակ աղբյուրը, որտեղ համառոտ շարադրված է Աղվանքի 11-12 դդ. պատմությունը։


Օրենսդրություն


Բացառիկ արժեք են ներկայացնում Մխիթար Գոշի Դատաստանագիրքն ու առակների ժողովածուն։ Մ. Գոշը հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները Դատաստանագրքում փորձել է կարգավորել օրենսդրական միջոցներով։
Դեռևս միջնադարում Դատաստանագիրքը թարգմանվել է լատիներեն, լեհերեն և վրացերեն լեզուներով, կիրառվել է հայ գաղթօջախներում։

Առակներ

Նրա առակների նյութը հիմնականում հասարակական և կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով։ Առակագիրը շոշափում է խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալ–պատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երևում է հասարակական շերտավորումը և սոցիալական պայքարի առկայությունը։ Մարդիկ դատում ու դատապարտում են իշխաններին, տրտնջում թագավորներից, նույնիսկ՝ աստծուց։ Սակայն հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրան պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։ Առակներում ևս Մ. Գոշը կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծածում։ Այստեղ այլաբանորեն կոնկրետ մարդն է նկարագծվում՝ իբրև գյուղացի, քաղաքացի, ազնվական–իշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր և այլն՝ իր կեցության առանձնահատկություններով։

Մխիթար Գոշի կողմից հիմնադրված վանքը՝ Գոշավանքը։

Մ. Գոշը իր ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակներով։ Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունները, ծաղրելու պակասությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազելու չարիքը։ Ժողովածուն ունի կուռ կառուցվածք. պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում դասավորված են որոշակի կարգով, ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ։ Բարոյականք կոչված առակների նյութը բույսերի և կենդանիների հատկություններն են, բարքը, որ հեղինակը դնում է իբրև առակի պատմողական մաս և դրանից հանում բարոյախոսական եզրակացություն։ Այդ պատճառով էլ այս խմբի առակները մեծ մասամբ սակավ գործողությամբ այլաբանական համեմատություննեև են։ Գործողությունն ուժեղ է առասպելական և ստեղծական կոչված առակներում, որոնց նյութը քաղված է կենդանիների ու մարդկանց կյանքից։ Բոլոր դեպքերում պատմվածքի մասը ծավալուն չէ։ Առասպելական, մասամբ և ստեղծական առակներում Մ. Գոշը վերցնում է այնպիսի գործող անձինք, որոնց սոսկ անունները պատրաստի հասկացություններ են. աղվես՝ խորամանկություն, նապաստակ՝ վախկոտություն, արջ՝ միամտություն–հիմարություն ևն։ Նրա առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որ գրված է իբրև գրական–գեղարվեստական երկ։ Այս իմաստով Մ. Գոշը գեղարվեստական արձակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։

Մ. Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790-ին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։ Մխիթար Գոշի Դատաստանագիրքը հայոց և միջազգային իրավունքի պատմության մեջ մեծ իրադարձություն է եղել: Այն պարունակել է այնպիսի դրույթներ, որոնք տեղ են գտել այժմյան բազմաթիվ իրավական ակտերում: Գոշը այնպիսի գաղափարների հեղինակ է, որոնք բխել են անմիջականորեն մարդու բնական իրավունքներից: Դատաստանագիրքը պարունակել է քրեական, քաղաքացիական և այլ կարևոր հարաբերություններ կարգավորող դրույթներ:








Аудиоплеер

Календарь

«  Декабрь 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Друзья сайта

Поиск

Copyright MyCorp © 2024 | Сделать бесплатный сайт с uCoz
Яндекс.Метрика